ԼՂՀ-ն ադրբեջանական կողմին է հանձնել Շահումյանի շրջան ներթափանցած դիվերսիոն խմբի երրորդ անդամի դին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչ նչացված Հ. Հասանովի դին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից, փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները դիմել էին փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չէր ունեցել: ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել էր դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների գերեվարման ապացույցները` իրեղեն ապացույցների եւ դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում