Վրաստանից արտահանման ծավալներով առաջին տեղում Հայաստանն է․ Geostat
Նմանատիպ
2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8․36 մլրդ դոլար, ինչը 18․9 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Այս մասին գրում է aliq-ը՝ հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը (Geostat)։
Ըստ Geostat-ի՝ դրանից արտահանումը կազմում է 2․5 մլրդ դոլար (աճը 18․6 տոկոս), իսկ ներմուծումը՝ 5․86 մլրդ դոլար (աճը՝ 19․1 տոկոս)։ Նշված ժամանակահատվածում, Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 3․4 մլրդ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 40․1 տոկոսը։
Geostat-ի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80․8 տոկոս։
Արտահանողների առաջին եռյակում են Հայաստանը (360,0 մլն դոլար), Ադրբեջանը (336,5 մլն դոլար) և Ռուսաստանը (281,3 մլն դոլար):
Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68․2 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան (1․19 մլրդ դոլար), Ռուսաստանը (1․06 մլրդ դոլար) և Չինաստանը (623․3 մլն դոլար)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում