Հացահատիկի գործարքը երկարաձգելու նախադրյալներ չկան․ Կրեմլ

Հացահատիկի գործարքը երկարաձգելու նախադրյալներ չկան․ Կրեմլ

Կրեմլը հայտարարել է, որ հացահատիկի գործարքը երկարաձգելու նախադրյալներ չկան։

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է․ «Մենք լսեցինք ՄԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունը, որոնք ստիպված էին հայտարարել, որ, ցավոք, իրենք չեն կարողանում պատշաճ ազդեցություն ունենալ հավաքական Արևմուտքի երկրների վրա՝ այս գործարքի ռուսական մասը կատարելու համար։ Ուստի, առայժմ, ամեն ինչ դեռ այս կետում է»։

Ավելի վաղ Պուտինը հավանական էր համարել հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը։ Նրա խոսքով, Մոսկվան «հերթական անգամ խաբվեց», քանի որ հացահատիկային միջանցքները օգտագործվեցին ծովային անօդաչու թռչող սարքերի արձակման համար։

ՄԱԿ-ն արձագանքել է հացահատիկի գործարքի շանսերի բացակայության մասին ՌԴ հայտարարությանը։

«Մենք շարունակում ենք աշխատել կողմերի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի, որպեսզի կարողանանք շարունակել գործարկել «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունը և փոխըմբռնման հուշագիրը ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման վերաբերյալ», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։

Տեղեկացնենք, որ պարենային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսին Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։ Գործարքի նպատակն է՝ պատերազմական իրավիճակում ապահովել Ուկրաինայի գյուղատնտեսական բեռների արտահանման համար անվտանգ ծովային միջանցքի կազմակերպումը։

Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուշագիր են ստորագրել համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման դյուրացման մասին։

Նկատենք, որ հացահատիկի գործարքի գլխավոր շահառուներից մեկը Թուրքիան է, քանի որ ուկրաինական հացահատիկը Օդեսսայի նավահանգստից տեղափոխվում է գլխավորապապես թուրքական նավերով, ինչը այս երկրի կողմից հաճախ օգտագործվում է քաղաքական դիվիդենտներ շահելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում