Լեոնիդ Ազգալդյան․ Հայրենիքի հավերժության զոհասեղանի առաջ

Լեոնիդ Ազգալդյան․ Հայրենիքի հավերժության զոհասեղանի առաջ

«Այն ազգը, որը կկորցնի Արցախը, կտապալվի լրիվ։ Թուրքը կկորցնի` ուրեմն իրենք, հայը` ուրեմն հայը։  Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարցը չէ»․ Լեոնիդ Ազգալդյան

Այսօր ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 31-րդ տարելիցն է։

Հայ ժողովրդի նշանավոր մտածողներից էր նա։ Թեև նա վստահ էր, որ հայրենիքը արյունով չեն պահում, այլ սիրելով, բայց իր սիրո դրսևորումը դարձավ պայքարելն ու զոհվելը հանուն հայրենիքի։

Ազգալդյանը արցախյան գոյամարտի ականավոր գործիչներից մեկն է։ Նա իր ամբողջ ներուժը ծառայեցրեց հանուն մեկ կառուցողական նպատակի՝ հայրենիքի ազատագրման պայքարին։ Ոչ ոք չէր սպասում, որ երբեմնի լռակյաց ու համեստ ուսանողը կընտրի կյանքի այդ ուղին ու իրեն կնվիրի հայրենիքի ազատագրման գործին։ Ֆիզիկոսի մանագիտական հմտությունները կարող էին նոր հորիզոններ բացել, սակայն նրա դավանած բացարձակ արժեքը Հայաստանն էր․ ամեն ինչ պետք է ծառայեր հայրենիքի շահին։

Լեոնիդ Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ կապել էր Արցախի ազատամարտի հետ։ Մասնակցել է Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում մղվող մարտերին։

«Քիչ խոսքեր ու միայն գործ»․ այս կարգախոսով էր շարժվում և մյուսներից էլ նույնն էր պահանջում։

Արցախյան ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը նոր որակ ու թափ հաղորդեց հայ Արցախյան գոյամարտին։

Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ հակառակորդի դավադիր կրակից։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում