«Իսլամական պետություն» կազմակերպությունը ծանր հանցագործություններ է կատարում Իրաքում

«Իսլամական պետություն» կազմակերպությունն Իրաքում ծանր հանցագործություններ է իրականացնում, բռնությունների է ենթարկում կանանց և աղջիկներին, երեխաներին ներգրավում է հանցագործությունների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին իր զեկույցում նշել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուդը: Միջազգային կազմակերպությունը նշել է, որ մարդու միջազգային իրավունքների խախտումներն ապացուցում են ավելի քան 500 վկաներ:

ՄԱԿ-ի զեկույցում մեղադրանքներ են հնչել նաև Իրաքի կառավարության հանդեպ: Նշվել է, որ օդային հարվածների հետևանքով անմեղ քաղաքացիներ են զոհվել:

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ 2014թ. Իրաքում ռազմական գործողությունների զոհ են դարձել 9347 անմեղ քաղաքացիներ, ավելի քան 17 հազար 3 հարյուր մարդ վիրավորվել է:

Մյուս կողմից` միջազգային դաշինքի օդանավերը շարունակում են Իրաքում ռմբակոծել ԻԼԻՊ-ի դիրքերը: Մեծ Բրիտանիան վերջին ժամերի ընթացքում կրկին ռմբակոծել է՝ օգնություն ցուցաբերելով իրաքյան քրդերին:

Ֆրանսիան իր հերթին հայտարարել է, որ ևս 3 կործանիչ է ուղարկել Իրաքում իսլամիստների դեմ պայքարելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իրեն աջակցելու ցանկություն են հայտնել 50 երկիր: ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ ԱՄՆ-ի հետ ռազմական գործողություններին մասնակցում են Ֆրանսիան, Հորդանանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն: Կոալիցիայի կազմում ընդգրկվելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիան, Դանիան, Բելգիան, Նիդեռլանդները և Ավստրալիան:

ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողություններն սկսել է օգոստոսի 8-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում