Օտարերկրյա մասնագետները կաշխատեն Արցախի բրենդի ստեղծման վրա

Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի շրջանակներում օտարերկրյա մասնագետները կաշխատեն Արցախի բրենդի ստեղծման վրա: Այս մասին հոկտեմբերի 2-ին, Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեին նվիրված հանդիպման ընթացքում նշեց բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Երևանում կայանալիք բիենալեից հետո միջազգային ժյուրի անդամների մի մասը մեկնելու է Արցախ, որտեղ փորձելու են մշակել Արցախի բրենդը` որպես պետության բրենդ:

«Մենք պետք է այս բիենալեի ընթացքում և այնուհետև Արցախում ցույց տանք, թե ինչպես է փոխկապակցված պետությունն ու դրա ներսում արտադրվող և այնուհետև արտահանվող ապրանքների բրենդները: Երբ մենք ասում ենք «Մերսեդես», ապա հասկանում ենք գերմանական որակ, մյուս կողմից, նմանատիպ կազմակերպությունները խոսում են իրենց երկրի որակի մասին: Այս նույնը մենք փորձելու ենք անել արցախյան բրենդի հետ», – տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահի՝ Արցախում հրավիրյալ մասնագետները սեփական փորձով ծանոթանալու են հայկական մշակույթի հետ՝ տոլմա փաթաթելուց մինչև խաղողից գինու պատրաստումը:

Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեն տեղի կունենա հոկտեմբերի 16-18-ը: Բիենալեի հիմնական անվանակարգերն են. «Հեռուստատեսային և վիդեո գովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ», «Թվային և նոր մեդիա», «Ռադիո գովազդ», «Գրաֆիկական դիզայն», «Մարքեթինգային արշավներ», «PR արշավներ», «Գիրք», «Սոցիալական գովազդ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում