«ՊԳԿ վարչությունը մտադիր է Մամուլի շենքում անհատույց օգտագործման պայմանագրերը վերակնքել միայն մամուլի իրական և գործող բարեխիղճ ներկայացուցիչների հետ»
Նմանատիպ
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ Մամուլի շենքին առնչվող որոշ ոչ հավաստի լուրերի, հերքել դրանք ու նաև վերահաստատել ՊԳԿ Վարչության դիրքորոշումը:
Այս տարվա մայիսին լրացել է պետական սեփականություն հանդիսացող Մամուլի շենքում անհատույց և վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող կազմակերպությունների պայմանագրերի մեծ մասի ժամկետը. Վարչությունում քննարկվել են պայմանագրերի վերակնքման սկզբունքները, միաժամանակ ուսումնասիրություն է կատարվել, թե ովքեր են պետական սեփականության հատկապես անհատույց օգտագործողները, ինչքանո՞վ են կապված ԶԼՄ դաշտին ու ինչքանո՞վ են ծառայում հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու կարևոր գործին:
Ինչպես և սպասվում էր, պարզվել է, որ միանշանակ՝ ոչ բոլորը: Ավելին, շենքում եղել են դեպքեր, երբ անհատույց օգտագործողները, իրենց կողմից տնօրինվող տարածքները եկամտի աղբյուր են դարձրել և շուկայական գներով վարձակալության տալով՝ գումարներ վաստակել: Իդեպ, նույն խնդիրները կան նաև Իսահակյան 28 հասցեով շենքում:
Վարչությունը հստակ պայմաններ է առաջարկում թե անհատույց և թե վարձակալությամբ տարածքներ տրամադրելու համար՝ բացառելով ենթավարձակալության տարբերակները: Նման իրավիճակում ակնհայտ է, թե ովքեր և ինչու են շրջանառության մեջ դնում լուրը, թե իբր Մամուլի տանը « նեղում են լրատվամիջոցներինե: Ի դեպ, նույն աղբյուրներից են ծնվում նաև Մամուլի շենքը մասնավորեցնելու մասին ստահոդ լուրերը, որոնք նույնպես պարբերաբար հերքվում են Վարչության կողմից:
ՊԳԿ վարչությունը մտադիր է Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներով անհատույց օգտագործման համար պայմանագրերը վերակնքել միմիայն մամուլի իրական և գործող բարեխիղճ ներկայացուցիչների հետ՝ իրենց գործունեությունը շարունակելու նպատակով, հիմք ընդունելով նախկինում վերջիններիս հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարված լինելու փաստը: Մյուսներին առաջարկվելու են վարձակալության տարբերակներ:
Իբրև ամփոփում կրկին ցանկանում ենք հավաստիացնել, որ շենքում տեղակայված գործող լրատվամիջոցներն անհանգստանալու որևէ հիմք չունեն. Մամուլի շենքում գործող իրական ԶԼՄ-ները կշարունակեն մնալ անհատույց օգտագործողներ:
Ի դեպ, շրջանառվող լուրերի ծագման աղբյուրը որևէ դեպքում չեն եղել մամուլի ներկայացուցիչները: Հետևաբար և կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին աջակցել մեզ անաչառությամբ, որպեսզի Մամուլի շենքը շարունակի ծառայել մամուլին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում