Դատախազից պահանջում են ներգրավել Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ
Նմանատիպ
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ներգրավել հարուցված քրգործում որպես կասկածյալ:
Դիմումում, մասնավորապես, ասվում է.
«Ձեզ ենք դիմում հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կայացված ինքնադատաստանի գործով, որի տուժածներից Վահե Ավետյանը դաժան ծեծի ու խոշտանգման արդյունքում մահացավ հունիսի 29-ին:
Սույն դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որը քննվում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, կա 6 կալանավորված:
Դեպքի առաջին իսկ պահից հանրության մոտ ձեւավորվել է այն կասկածը, որ ինքնադատաստանի հրամանը տվել է Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Դեպքից անցել է արդեն երկու շաբաթ, սակայն դեռեւս չի քննարկվում նրան գործում որպես կասկածյալ ներգրավելու վարկածը: Ավելին, հանցագործության ոչ բոլոր մասնակիցներն են կալանավորվել. ըստ տուժողների հրապարակային հայտարարության՝ ինքնադատաստանին մասնակցել է 10-15 հոգի:
Հաշվի առնելով, որ ՀՀ Դատախազության սահմանադրական գործառույթն է՝ պաշտպանել հանրային իրավունքը եւ պետական շահը՝ պահանջում ենք հետեւյալը.
Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ եւ ձերբակալել նրան: Ըստ մամուլի կալանավորվածների մեջ կան նաեւ նրա անձնական թիկնազորի անդամներ: Իր կողմից նախկինում հրավիրված ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հանդես է եկել բռնության կոչերով եւ հայտարարել է, որ մարդկանց պատժում է ծեծի միջոցով, ինչը հիմք է տալիս մեզ եզրակացնելու, որ «Հարսնաքարի» հանցագործության պարագայում եւս նա ընդունակ էր նման հրաման տալու: Բացի այդ, հուլիսի 3-ին Ազգային Ժողովի մանդատից հրաժարվելու հայտարարության մեջ նա ընդունել է իր մեղավորությունը:
Քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից եւ տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ, քանի որ այս ընթացքում ոստիկանության քննչական գործողությունները չեն համապատասխանում անկողմնակալ հետաքննություն անցակացնելու հանրության պահանջին: Ավելին, դեպքի առաջին իսկ օրերին մի քանի բարձրաստիճան ոստիկաններ ի սկզբանե հայտարարել են, որ Ռուբեն Հայրապետյանն անմեղ է՝ առանց հետաքննության ավարտի եզրակացության: Մամուլում նաեւ շրջանառվել է այն լուրը, որ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը բարեկամական կապեր ունի Ռուբեն Հայրապետյանի հետ:
Հստակ քայլեր կատարել եւ որոշումներ կայացնել՝ թույլ չտալու, որ Ռուբեն Հայրապետյանը լքի Հայաստանի Հանրապետության տարածքը մինչեւ քննության ավարտը եւ չկարողանա փախչել Հայաստանից՝ խուսափելով արդարադատությունից: Եթե Ռուբեն Հայրապետյանը լքի Հայաստանի Հանրապետությունը եւ խուսափի հնարավոր պատժից, ապա դրա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ դատախազությունը՝ ի դեմս ձեզ:
Պահանջում ենք հստակ, վճռական եւ շտապ գործողություններ ու որոշումներ մեր պահանջներն ի կատար ածելու ուղղությամբ, պահանջում ենք նաեւ հրապարակային կերպով պատասխանել մեր պահանջներին եւ տեղեկացնել հանրությանը գործի բոլոր մանրամասների եւ զարգացումների վերաբերյալ, գործել թափանցիկ եւ հաշվետու:
Այս գործը քննություն կլինի ՀՀ դատախազության համար՝ փաստելու, որ ինքը կատարում է իր Սահմանադական գործառույթները՝ պաշտպանում է հանրության իրավունքներն ու պետական շահը, այլ ոչ թե փոքրաթիվ արտոնյալ խավի քրեաօլիգարխիկ շահերը: Հակառակ պարագայում մենք կփաստենք, որ ՀՀ դատախազությունը անգործության է մատնված՝ իր բոլոր հետեւանքներով, եւ հնարավորություն կստանանք քաղաքացիական ուղիղ գործողություներով ինքներս հասնելու արդարության հաստատամանը իրավունքի գերակայության եւ սահմանդրական գործառույթների իրականացման հիման վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում