Միջազգային դաշինքը ռմբակոծել է ԻԼԻՊ-ի դիրքերը Սիրիայի Ռակկա և Դեր Զոր մարզերում

Հոկտեմբերի 3-ի գիշերը ամերիկյան և դաշնակից երկրների օդանավերն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր և Ռակկա մարզերում ԻԼԻՊ կազմակերպության դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դեր Զորից տեղեկություններ են ստացվել, որ ռմբակոծվել են ալ Մայադին քաղաքի մոտ գտնվող ԻԼԻՊ-ի դիրքերը: Ւնչ վերաբերում է Ռակկայի մարզին, ապա այնտեղ ռմբակոծվել է Թել Աբյադ գյուղաքաղաքը, ինչպես նաև մերձակայքում գտնվող նավթային բազան: ԻԼԻՊ-ի կրած վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մյուս կողմից` ԻԼԻՊ-ը հոկտեմբերի 3-ի առավոտյան վերսկսել է բախումները քրդերի հետ Այն ալ Արաբ քաղաքի մերձակայքում: Ահաբեկիչները ռմբակոծում են ծանր զենքերով, հեռվից նկատելի է ծխով պատված քաղաքը: Քրդերը Այն ալ Արաբ քաղաքի մոտ գտնվող Հայբիբլ գյուղում ԻԼԻՊ-ի 10-ը անդամի են ոչնչացրել:

Վերջին շրջանում իսլամիստները 3 կողմից շրջափակել են քաղաքը և աստիճանաբար սեղմում են շրջափակված օղակը՝ փորձելով ամբողջովին վերահսկողություն հաստատել այնտեղ: Իրենց հերթին քրդերը հնարավոր ամեն ինչ ձեռնարկում են՝ խուսափելու հնարավոր վտանգից: Ավելի վաղ քրդերը խնդրել էին Արևմուտքին զենք տրամադրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար: ԻԼԻՊ-ը մեկ շաբաթվա ընթացքում վերահսկողություն է հաստատել Այն ալ Արաբի մոտ գտնվող ավելի քան 60 գյուղերի վրա: Ավելի քան 150 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատեն Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում