Արցախում սիրիահայերը հիմնականում զբաղվում են հողագործությամբ

Արցախում այս պահին ապրում է շուրջ 200 սիրիահայ՝ 30-35 ընտանիք: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին: «Նրանք հիմնականում ապրում են Քաշաթաղի շրջանում, զբաղվում են հողագործությամբ: Մենք նրանց ապահովել ենք բնակարանային պայմաններով, ստեղծել ենք պայմաններ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ Քաշաթաղի շրջանում կան մեծ մակերեսով հողեր, որոնք չեն օգտագործվում, և դրանք տրամադրվել են սիրիահայերին: «Սիրահայերը շատ լավ աշխատում են, մանավանդ որ նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր Սիրիայում զբաղվել են ցորենի արտադրությամբ և հիմա իրենց փորձն օգտագործում են Արցախի գյուղատնտեսությունը զարգացնելու հարցում»,- հավաստեց Հարությունյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն սիրիահայերին, ովքեր Արցախում ապրելու ցանկություն են հայտնել՝ ընդգծելով, որ իրենք էլ պարտավորված են զգում այդ մարդկանց համար բարենպաստ պայմաններ ապահովելու գործում: «Այս տարին այքան էլ բարենպաստ չի եղել հողագործության համար, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի չեզոքացնենք այն տնտեսական վնասները, որ կարող են կրել սիրիահայերը»,- ասաց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում