ԵՄ-ն հայտարարում է Հարեւանության ծրագրի շրջանակում նոր համագործակցության մասին

Եվրոպական հանձնաժողովն ու Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել են համատեղ համագործակցության մասին, որի նպատակն է ավելի ամրապնդել անկախ ԶԼՄ-ների դերը Եվրոպական հարեւանության ծրագրում ընդգրկված երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համագործակցության մեկնարկի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվր ոպական հեռարձակողների միության նախագահ Ժան Պոլ Ֆիլիպոտն ու գործադիր տնօրեն Ինգրիդ Դելտենրեն:

«Ազատ խոսքի իրավունքն ու արտահայտումը, ազատ մամուլն ու զանգվածային տեղեկատվությունը ժողովրդավարության հիմնաքարերից են: Հենց դա էլ Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է: Շատ ուրախ եմ, որ Եվրոպական հեռարձակողների միությունը կիսում է մեր տեսակետը, որ ազատ արտահայտության հնարավորության ապահովումը պահանջում է մեծ ջանքեր բոլոր շահառուների կողից»,- նշել է Ֆյուլեն: Եվրոպական հեռարձակողների միության նախագահի գնահատմամբ էլ, ծրագիրն ավելի ուժեղ է եւ կայուն, քանի որ ստանալու է նաեւ Եվրահանձնաժողովի աջակցությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեխնիկական աջակցություն, կրթական մակարդակի բարձրացում եւ այլն:

Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում ընդգրկված է 16 պետություն` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկո, Սիրիա, Թունիս, Պաղեստին: Հետաքրքրական է, որ ծրագրում ընդգրկված Պաղեստինին ԵՄ-ն չի համարում որպես պետություն: Եվրոպական հարեւանության ծրագրում ընդգրկված են նաեւ Նախկին խորհրդային 6 հանրապետությունները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում