Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

«Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը հաղթում Է հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Բուլղարիայի ԿԸՀ-ի կայքին, ընդամենը երկրի օրենսդիր մարմին՝ Ժողովրդական ժողով է անցնում ութ կուսակցություն:

Ըստ նախնական արդյունքների՝ ՔԲԵԶ-ի օգտին, որը գլխավորում է Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը, քվեարկել է ընտրողների 33,6 տոկոսը: 16,1 տոկոս ձայներով երկրորդ տեղում է իշխող Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը:

Խորհրդարան են անցնում նաեւ թուրքական փոքրամասնության եւ մուսուլմանների շահերը ներկայացնող Հանուն իրավունքի եւ ազատության շարժումը (11,8 տոկոս), Բարենորոգչական դաշինքը (8,5 տոկոս), Հայրենասիրական ճակատը (7,5 տոկոս), «Բուլղարիան առանց գրաքննության» կազմակերպությունը (6 տոկոս), ազգայնական «Ատակա»-ն (5 տոկոս) եւ «Այլընտրանք հանուն Բուլղարիայի վերածննդի» կոալիցիան (4,6 տոկոս):

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Սոցկուսակցության նախագահ Միխայիլ Միկովն արդեն ընդունել է ընտրությունների արդյունքները եւ ՔԲԵԶ-ին շնորհավորել հաղթանակի առթիվ:

Ժողովրդական ժողովի կայացած ընտրությունները երկրորդ վաղաժամկետ ընտրություններն են երկու տարուց պակաս ժամանակահատվածում: Բուլղարիայի խորհրդարանն ունի 240 տեղ: Կանխատեսումների համաձայն՝ պահպանողականները կարող են այնտեղ զբաղեցնել 88-89 աթոռ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում