Անկարան հավասարության նժար է դնում PKK-ի զինյալների և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջև

Անկարան տարբերություն չի դնում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների և Իսլամական պետության ահաբեկիչների միջև: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Այս մասին տեղեկացնում է Haber7-ը:

Նրա խոսքերով, երկու կազմակերպությունների գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար:

Ավելի վաղ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է մանդատը, որը թույլ է տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի դեմ: Այս մասին,ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Ներկա 396 պատգամավորներից 298-ը կողմ են քվեարկել կառավարության կողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը` դեմ:

Հաշվի առնելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը` մանդատը ենթադրում է, որ թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի իսլամիստների դեմ: Միաժամանակ այն նախատեսում է, որ օտարերկրյա զինուժը ևս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում: Մանդատը կգործի մեկ տարվա ընթացքում:

Մանդատին կողմ են արտահայտվել ոչ միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները:
Քվեարկությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում