ԻԼԻՊ-ը Դալաուիա գյուղաքաղաքում մի քանի թաղամասեր է գրավել

Կառավարական ուժերի հետ 2 օր ընթացող թեժ բախումներից հետո ԻԼԻՊ կազմակերպության անդամները վերահսկողություն են հաստատել Իրաքի Դալաուիա գյուղաքաղաքի մի քանի թաղամասերի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչները գրավել են գյուղաքաղաքի մեծ հատվածը, որը գտնվում է Տիգրիս գետի ափին: Այնտեղ է գտնվում ահաբեկիչների հենակետը: ԻԼԻՊ-ի հարձակումը իրաքյան ուժերին ստիպել էր հետ քաշվել դեպի Դալաուիայի հարավային հատված:

ԻԼԻՊ-ի հարձակման հետևանքով ոստիկաններ են սպանվել և վիրավորվել, ահաբեկիչները պայթեցրել են նրանց պատկանող 4 մեքենա: Տեղեկություններ կան, որ իրաքյան ուժերի նահանջելուց հետո ԻԼԻՊ-ը հսկողություն է հաստատել նաև Անբար մարզի Քաբիսա քաղաքի վրա:

Դալաուիա գյուղաքաղաքը գտնվում է Բաղդադից 80 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ՝ հունիսին, ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն էր հաստատել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի վրա: Իրաքյան ուժերը ջանում են ազատագրել ԻԼԻՊ-ի հսկողության տակ հայտնված տարածքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում