Պան Կի Մունը կոչ է արել պաշտպանել Այն ալ Արաբ քաղաքի բնակիչներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի բնակիչներին պաշտպանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի մամուլի քարտուղարությունից տեղեկացրել են, որ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Իսլամական պետության ահաբեկիչների հարձակումներով, որոնց պատճառով մեծ թվով մարդիկ զոհվել, ինչպես նաև փախուստի են դիմել: Հաշվի առնելով մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքների կոպիտ խախտումները՝ Պան Կի Մունը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել շրջափակման մեջ գտնվող բնակիչներին պաշտպանելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, հոկտեմբերի 6-ին ԻԼԻՊ-ը վերահսկողություն է հաստատել Այն ալ Արաբ քաղաքի արևելյան 3 թաղամասերի վրա: Տեղեկություններ կան, որ տասնյակ քրդեր և ահաբեկիչներ են սպանվել: Շուրջ 2 հազար անդամից բաղկացած քրդական պաշտպանական ուժերը փորձում են ետ մղել ահաբեկիչներին:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻԼԻՊ կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում