Անգամ առևտրի գնացող ԵԽԽՎ-ում կարելի է հաջողություն հասնել, եթե մշտապես աշխատենք.Ալավերդյան
Նմանատիպ
ԵԽԽՎ-ը տարիներ շարունակ առաջնորդվում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարզ արտահայտված շահերով, իսկ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն օգտագործում ընդամենը որպես շղարշ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառանալով ԵԽԽՎ -ում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերտառությամբ զեկույցի ընդունման պատճառներին: Միաժամանակ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն ակնարկեց, որ նման բանաձևերի և զեկույցների ընդունման հարցում մեղքի իր բաժինն ունի հայկական կողմը, քանի որ 14 տարվա ընթացքում նախաձեռնողականություն չդրսևորեց, չկարողացավ աշխարհաքաղաքական բախումների ֆոնին ներկայացնել պետական շահը, օգուտներ քաղել դրանից և ԵԽԽՎ-ում դաշնակիցներ ունենալ:
Ըստ Ալավերդյանի՝ հայկական պատվիրակությունը և այդ կառույցում ՀՀ ներկայացուցիչներն ակտիվանում են, երբ հարցը վերաբերում է բուն Արցախին կամ ՀՀ-ին, մինչդեռ պետք է ընդհանուր և մշտական աշխատանք տանել: Այն, ինչ անում է ադրբեջանական պատվիրակությունը, Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ նրանք պատրաստված են գալիս, անգամ եթե հարցը «թիթեռին» է վերաբերում:
Հակադարձմանը, թե ի՞ նչ կարող են հայկական պատվիրակության անդամներն անել, երբ ԵԽԽՎ-ում այլ երկրների պատվիրակությունների Ադրբեջանին հաջողվում է նավթադոլարներով գնել, ուստի այլ բան չի մնում, քան առաջարկել բոլորին գտնել, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ կաշառվածներին գտնելը կօգնի, որ մյուսները չկաշառվեն: Ես կարծում եմ, որ մերոնք շատ անգամ դա ասում են արդարանալու համար: Կրկնում եմ՝ սրանից բացի ադրբեջանցիներն իրականում աշխատում են շատ ակտիվ, իսկ մեր կողմից գործի պակաս կա: Ադրբեջանը չի գնում մի տեղ առանց պատրաստվելու, իրենց նյութերը բաժին են հասնում բոլորին: Ես չեմ գտնում, որ այլոց կաշառված լինելը պետք է ընդունենք որպես անհաղթահարելի խոչընդոտ»:
Այս համատեքստում անդրադառնալով ԵՄ-ի վերաբերմունքի փոփոխմանը Հայաստանի նկատմամբ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու և Եվրասիական տնտեսական միության ճանապարհն ընտրելու պատճառով, Լարիսա Ալավերդյանը մի կողմից ակնարկեց, որ նման բանաձևերը պատասխան են մեր երկրի ռուսական ճանապարհի ընտրությանը, մյուս կողմից՝ ԵՄ-ը, Արևմուտքը Հայաստանին չեն զրկում որևէ համագործակցությունից, ինչը նշանակում է, որ մենք պետք ենք նրանց:
«Այլ հարց է, որ մեր պետք լինելը, աշխարհաքաղաքական առանջնահատուկ դիրքը չենք կարողանում օգտագործել համապատասխան օղակներում և ներկա աշխարհաքաղաքական մեջ»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ Իրան-Արևմուտք, Իրան-Ռուսաստան հարաբերությունների ֆոնին մեր պետք լինելը կարող ենք օգտագործել և օգուտներ քաղել:
Վերադառնալով «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերտառությամբ զեկույցի բովաբնդակությանը, Ալավերդյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ արդեն վերնագրում եզրակացություն կա, ինչը ճիշտ չէ և խոսում է եվրոպական արժեքների ճգնաժամի մասին.
«Մինչ ուսումնասիրությունն արդեն բռնությունների մասին են փաստորեն խոսում: Փոխարենը բռնության աճի մասին խոսենք Ադրբեջանի կողմից, սա բացեիբաց առևտուր է: Կամ՝ ինչպես է, որ ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ են կիրառում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ ոչ, երբ 20 տարուց ավելի շրջափակման մեջ ենք»,-ասաց նա:
Այստեղ մարդու իրավունքների առաջին պաշտպանը շեշտեց, որ միջազգային հանրության կողմից խախտվում է արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքը և, որ այս պարագայում էական չէ պետության չճանաչված լինելը.«Դրա համար եմ ասում՝ հիմա ՀՀ-ն պետք է հստակ որոշի և ամրագրի՝ ԼՂԻՄ+ Շահումյա՞նն է ընդունում, թե՞ այն տարածքները, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում