Սիրիայի ընդդիմադիրները տարածքներ են գրավել Հալեպի Հանդարաթ գյուղում

Սիրիայի ընդդիմադիր ուժերը հսկողություն են հաստատել Հալեպի Հանդարաթ գյուղի մի քանի հատվածների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումների ժամանակ կառավարական ուժերի տասնյակ անդամներ են զոհվել: Վերջերս գյուղն ամբողջությամբ հայտնվել էր սիրիական բանակի հսկողության տակ:

Զինված ընդդիմադիր ուժերը կարևոր կետեր են գրավել նաև Դարաայում և Կունեյտրայում: Բացի այդ, բախումներ են ընթանում Դամասկոսի Ջոբար թաղամասում և Հաասթա, Արաբին, Այն Թուրմա գյուղաքաղաքներում: Կառավարական ուժերը ռմբակոծում են զինյալների դիրքերը: Նրանք հաջողություններ են գրանցել Զամալքայում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դուխանիա գյուղի վրա: Այն գտնվում է Դամասկոսի Ջարաման արվարձանի մերձակայքում, որտեղ այժմ մեծ թվով գաղթականներ են բնակվում երկրի այն շրջաններից, որտեղ բախումներ են ընթանում:

Սիրիական աղբյուրները տեղեկացրել են, որ Ռուսաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Դամասկոսին: Մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը հասել է մայրաքաղաքի միջազգային օդանավակայան: Օգնության փաթեթների մեջ երեխաների համար նախատեսված կաթ և հագուստ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում