Սիրիական Այն ալ Արաբ քաղաքում բախումների զոհ է դարձել ավելի քան 400 մարդ

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ շուրջ 3 շաբաթ շարունակվող բախումների հետևանքով թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Այն ալ Արաբ քաղաքում 400-ից ավելի մարդ զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհվել է 412 մարդ, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիներ, ինչպես նաև քրդական ուժերի և ԻԼԻՊ-ի անդամներ:

Թեժ բախումները Այն ալ Արաբ քաղաքի մերձակայքում շարունակվում են: Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Իսլամական պետությունը» քաղաքի մի քանի թաղամասեր է գրավել: Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները գրավել են 2 կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ:

Մյուս կողմից, քրդական ուժերը հնարավորինս ուժգին դիմադրություն են ցույց տալիս՝ փորձելով ետ մղել ահաբեկիչներին: Ըստ քրդական աղբյուրների՝ ահաբեկիչների հաջորդ թիրախ կարող է դառնալ մերձակայքում գտնվող Ղամիշլի քաղաքը:

Միջազգային դաշինքի ուժերն իերնց հերթին օդային հարվածներ են հասցրել Այն ալ Արաբի մերձակայքում ՒՊ-ի դիրքերն, սակայն վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Այն կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻԼԻՊ-ը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում