ԱՊՀ-ի ԱԳ նախարարները կհամաձայնեցնեն հումանիտար համագործակցության փաստաթղթերը

ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին Մինսկում կայանալիք նիստում կհամաձայնեցնեն հումանիտար համագործակցության փաստաթղթերը, ինչպես նաեւ կքննարկեն 2015-2019 թվականներին անօրինական միգրացիային հակազդելու ուղղությամբ փոխգործակցության ծրագրի նախագիծը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը:

ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը ներառում է 13 հարց:

«Խորհրդի նիստում կհամաձայնեցվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը, ներառյալ 2015-2016 թվականներին ԱՊՀ-ի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության ոլորտի առաջնային միջոցառումների ծրագրի նախագծի, 2015 թվականին Ռուսաստանի Դաշնությունում եւ Տաջիկստանի Հանրապետությունում «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» միջպետական ծրագրի իրականացման, մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում զբոսաշրջության բնագավառում ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրացմանն ուղղված 2015-2017 թվականների միջոցառումների պլանի նախագծի, ինչպես նաեւ գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման, «թանգարանային գործի», կինեմատոգրաֆիայի, մշակույթի եւ արվեստի բնագավառում ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպությունների կարգավիճակ շնորհելու վերաբերյալ որոշումները»,- ասված Է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի՝ նիստի նախօրյակին արված մեկնաբանության մեջ:

Նաեւ նշվում Է, որ նախարարները կքննարկեն 2015-2019 թվականներին անօրինական միգրացիային հակազդելու գործում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրի եւ մարդավաճառությանը հակազդելու հարցում համագործակցության հայեցակարգի նախագծերը, ինչպես նաեւ կծանոթանան ԱՊՀ-ի մասնակից պետությունների արտաքին սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությանը:

Օրակարգում Է նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարության նախապատրաստումը:

«2015 թվականին Հաղթանակի հոբելյանին նախապատրաստվելու համատեքստում նախարարները կքննարկեն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Համագործակցության ժողովուրդներին եւ համաշխարհային հասարակայնությանը ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում