Երասխի կրակոցները մեղմում են Փաշինյան-ՀԱՊԿ լարվածությունը. Ոսկանապատ
Նմանատիպ
Հայաստանի և Նախիջևանի սահմանին՝ ադրբեջանական կրակակետերի ուղիղ նշանառության տակ, Երասխում կառուցվող գործարանի շուրջ էսկալացիան Երևան-Բաքու-միջնորդներ օրակարգի՝ այս պահին ամենասուր հարցն է։ Ադրբեջանը հերթական անգամ՝ հունիսի 13-ից սկսած, թիրախավորում է Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ առավելապաշտության և անպատժելիության դիրքից։
Հունիսի 20-ին՝ օրվա առաջին կեսին գործարանի առաջ ՀՀ դրոշի կողքին բարձրացվեց ԱՄՆ դրոշը։ Օրվա երկրորդ կեսին, ինչպես և սպասվում էր, պաշտպանության նախարարությունը հայտնեց. «ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ»։
ԱՄՆ դրոշը և Վաշինգտոնի ներգրավվածությունը
Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը ԱՄՆ դրոշը բարձրացնելուց հետո և կրակոցներից առաջ ասել էր. «Մենք չենք ենթադրում, որ դրոշների բարձրացնելը մեզ ռազմական պաշտպանություն է տալու։ Ուղղակի արձանագրում ենք մեր որոշումը, որ այստեղից չենք գնալու և շարունակելու ենք կառուցել գործարանը՝ անկախ կրակել կամ չկրակելուց: Նրանք ինչ-որ պահի հասկանալու են, որ մենք չենք գնալու և խաղի այդ կանոններով չենք խաղալու։ Դիմելու ենք հնարավոր բոլոր միջազգային կառույցներին և օգտագործելու ենք բոլոր գործիքները թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում, թե՛ Եվրոպական միության, թե՛ ԱՄՆ-ի, որ նրանք հասկանան՝ որևէ կրակոց անպատասխան չի մնալու»:
Խնդրին Վաշինգտոնի ներգրավվածության, նոր կրակոցների դեպքում միջամտության համար ԱՄՆ իշխանություններին դիմելու մասին Տիրան Հակոբյանն ասել է. «Մենք ԱՄՆ ներկայացուցիչների հետ առաջին կրակոցից սկսած ուղիղ կապի մեջ ենք: Նրանք ամբողջ պրոցեսից տեղյակ են, կարծում եմ՝ համապատասխան գործողություններ և հետևություններ արվում են»:
Պապիկյանի մերժումը և Միրզոյանի մեկնումը
Երասխի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածքի թիրախավորման 7-րդ օրը, երբ թշնամին կրակում է նաև Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ, Հայաստանի ԱԳ նախարարը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այստեղ նախ ուշադրության է արժանի փաստը, որ մեկ ամիս առաջ՝ մայիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել էր մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։ Սա, բնականաբար, չի եղել Սուրեն Պապիկյանի անձնական որոշումը, ինչպես նաև չի եղել տեխնիկական որևէ պատճառ, որովհետև նույն օրը Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառավարության նիստին։
Պապիկյանի Մինսկ չմեկնելը ցուցիչ էր Փաշինյան-ՀԱՊԿ լարվածության, որն աղմկահարույց դարձավ 2023-ի նոյեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, երբ Փաշինյանը հրապարակային կերպով հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր որոշումներով և գործողություններով ՀԱՊԿ հեղինակությունը մի քանի անգամ կոպտորեն ոտնահարած Փաշինյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ քաղաքական գնահատական ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների մասով։ «Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը», – ասել էր Փաշինյանը։
Հիմա, Միրզոյանի ներկայությունը միսնկյան դիվանագիտական բարձր մակարդակով հավաքին առնվազն նշան է, որ Երևանում ՀԱՊԿ-ի մասով եղել է ընկալումների փոփոխություն՝ ինտենսիվացող ռազմական ագրեսիայի ֆոնին։ Նոյեմբերից սկսած, երբ Փաշինյանը բոյկոտեց ՀԱՊԿ-ի օգնությունը, Ադրբեջանը պարբերաբար թիրախավորել է ՀՀ ինքնիշխան տարածքը, Իլհամ Ալիևը սանձարձակորեն հայտարարել է, որ զավթել է սահմանի ռազմավարական բարձունքները Ջերմուկի, Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններով և դիտարկում է հայկական բնակավայրերը։
ՀԱՊԿ օժանդակության նոյեմբերյան առաջարկը, որի մասին մանրամասներ հայտնի չեն, գուցե այն չէր, ինչը կբավարարեր հայկական կողմի ակնկալիքներն ու մեկընդմիշտ կզսպեր Ադրբեջանին, բայց ամբողջությամբ միայնակ, առանց գոնե ռազմավարական դաշնակցի և պաշտպանական դաշինքի իմիտացիայի թշնամու առաջ կանգնելը լավագույն որոշումը չէր։ Երբեմն կան իրավիճակներ, երբ լծակը կարող ես օգտագործել զսպելու համար, ոչ գործի դնելու։ Եվ լավ կլինի, որ սա գիտակցես մինչև ի տես թշնամու աղմկելը, որ չես կարողանում այն օգտագործել։
Իլհամ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ հսկայական ջանքեր է գործադրել ՀԱՊԿ-ում ՀՀ գործընկեր երկրների հետ հատուկ հարաբերություններ ստեղծելու համար, որպեսզի չեզոքացնի Ադրբեջանի դեմ Հայաստանին օգնելու քաղաքական կամքը։ Բելառուսի նախագահը Ալիևի գրանցած լավագույն արդյունքն է։ Եվ հենց այստեղ ամենաուշագրավն այն է, որ այս անգամ՝ Մինսկում ՀԱՊԿ ԱԳ նախարարների հավաքին Լուկաշենկոն հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դժգոհությունները հիմնավոր են։
Եթե դիրքորոշման փոփոխություն, ապա հետևանքը…
Մինսկում Արարատ Միրզոյանը ներկաներին հիշեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։ Այս համատեսքտում նախարար Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։
«ՀԱՊԿ նեղ կազմով նիստին Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը», – նշված է ԱԳ նախարարության տարածած տեքստում։ Մի կողմից սա Նիկոլ Փաշինյանի նոյեմբերյան ակնկալիքների արտացոլումն է, մյուս կողմից՝ պաշտպանության նախարարին ՀԱՊԿ հավաքին չուղարկելուց հետո ԱԳ նախարարին ուղարկելը պետք է ունենա ուղերձ։
Առաջինը, ինչ Մոսկվայում ակնկալում են, և դրա մասին պարբերաբար հայտարարել են՝ ՀՀ դրական արձագանքն է ՀԱՊԿ առաքելության տեղակայման առաջարկին։ Ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, սակայն այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Մեկ ամիս անց՝ մարտի 20-ին Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ իրեն ուղղված հարցին պատասխանելով նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, դրա վրա աշխատանքները շարունակվում են: Միրզոյանի ներկայությունը ՀԱՊԿ հավաքին կարող է լինել առաջին նշանը, որ աշխատանքն արդյունք է տվել։
Հայաստանի տարածքում ՀԱՊԿ ներկայության անհրաժեշտության մասին Մոսկվան սկսեց առավել ինտենսիվ խոսել, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայվեց ԵՄ դիտորդական առաքելությունը։ Ռուսաստան-Արևմուտք մրցավազքի պայմաններում հանուն ավելի մեծ շահի Մոսկվան պատրաստ է առայժմ մի կողմ դնել Փաշինյանից ՀԱՊԿ-ին հասցված ապտակների հարցը և ՀԱՊԿ առաքելություն ուղարկել ՀՀ։
Լավրովը՝ ՀԱՊԿ պարտավորությունների մասին
ՀԱՊԿ պարտավորությունների մասին Միրզոյանի նկատառումից, Հայաստանի դժգոհությունների հիմնավոր լինելու մասին Լուկաշենկոյի հայտարարությունից հետո ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցները եզրահանգել են, որ անհրաժեշտ է դիմակայել Արևմուտքի ճնշումներին և լիարժեք կատարել դաշնակցային պարտավորությունները, նաև ամրապնդել համերաշխությունը։ Որովհետև, Լավրովի խոսքով, Արևմուտքը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես միջազգային ասպարեզում իր գերակայությանը սպառնացող գործոն՝ փորձելով հուսահատ, ագրեսիվ փորձերով և կեղտոտ մեթոդներով սեպ խրել ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններում։
Իրար դեմ պատերազմող դիտորդները՝ ՀՀ տարածքում
Ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի տարածքը տարբեր առաքելություններով և դիտորդներով լցնելը։ Եվրամիության դիտորդները Բաքվի և Ալիևի հովանավորների համար զսպող գործոն չեն։ Ալիևն ամբողջ լկտիությամբ ԵՄ դիտորդներին բառացի անվանել է Ֆրանսիայից եկած թոշակառու ոստիկաններ, որոնք իր դեմ ոչինչ անել չեն կարող։
ՀԱՊԿ առաքելության մասին նման տեքստեր Իլհամ Ալիևն առնվազն ուղիղ՝ իր բերանով կխուսափի ասել։ Հետևաբար, ՀԱՊԿ ներկայությունը, հնարավոր է, սահմանային իրավիճակ փոխի։ Իհարկե, ոչ հիմնովին և ամբողջությամբ։ Բայց ամենաակնհայտ ներխուժումներն ու սադրանքները, ինչպիսիք արդեն եղել են և բացեիբաց ծրագրվում են, կզսպվեն։
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ Voskanapat.info
Հետևեք մեզ նաև Telegram-ում