ՀՀ եւ Արցախի Մարտունի քաղաքների մանկավարժները Ուսուցչի օրը միասին են նշել Արցախում

Հոկտեմբերի 3-5-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոցի մանկավարժները հյուրընկալվեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի N1 միջնակարգ հոսքային դպրոցի կոլեկտիվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանը, Արցախի Մարտունի քաղաքի N1 միջնակարգ դպրոցի մանկավարժներն ու աշակերտներն իրենց հյուրերի համար կազմակերպել են շատ ջերմ ու հուզիչ ընդունելություն: Երկու բարեկամ դպրոցների կոլեկտիվները խոնարհվել են այն 61 նահատակների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը չէին խնայել հայրենի սուրբ հողը պաշտպանելու համար:

ԼՂՀ այցելելու նպատակը մեկն էր՝ եւս մեկ անգամ ամրապնդել ու սերտացնել տարիներ առաջ ծնված բարեկամական կապը, ինչն արդեն դարձել է ցանկալի ու սպասված: ԼՂՀ Մարտունի քաղաքի դպրոցը հյուրերին ընդունել է հիմնանորոգ վիճակում:

«Այցի հաջորդ օրը մենք հնարավորություն ունեցանք` դասալսումներ կազմակերպել, զրուցել արցախցի աշակերտների հետ, մանկավարժական փորձի փոխանակում կատարել: Արցախի դպրոցում իսկական տոն էր. աշակերտները ջանք չէին խնայել Ուսուցչի օրը ջերմ ու անմոռանալի դարձնելու համար: Իմաստալից տոնական միջոցառումները հաջորդում էին մեկը մյուսին: Անգամ այս տոնական օրը արցախցին չէր մոռացել իր զավակին՝ Աշոտ Ղուլյանին, ով իր կյանքն էր նվիրել հայրենի սուրբ հողին: Դպրոցի զինղեկ Արամ Խաչատրյանի կողմից կազմակերպված միջոցառումը նվիրված էր նրա ծննդյան տարեդարձին: Օրվա տոնական մթնոլորտը շարունակվեց նաեւ քաղաքի մշակույթի պալատում: Արցախցու սրտառուչ երգն ու ոգեշունչ պարը թեւածում էին սյունազարդ շենքի պատերի ներսում: Համերգն ավարտվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից ժամանած երգչուհի Թերեզա Գրիգորյանի երգով»,- նշեց Խանում Ղազարյանը:

Հայաստանից ժամանած հյուրերին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու Արցախի պատմամշակութային կոթողներին, ազգային հերոսների կերպարներին, նրանց կատարած սխրանքներին, Արցախ աշխարհի ավանդույթներին: Հյուրերին ընդունել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը` երկու կոլեկտիվներին մաղթելով ամրակուռ բարեկամություն եւ միասնություն:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում