ԵԽԽՎ-ում ԼՂՀ-ը պետք է առանձին ներկայացուցիչ ունենա. Մհեր Շահգելդյան

Երեկ  ՀՀ մարդու  իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, թե ԵԽԽՎ -ում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերտառությամբ  զեկույցի ընդունման գործում մեղքի բաժին ունեն նաև հայկական պատվիրակությունն ու այդ կառույցում մեր ներկայացուցիչները, քանի որ 14 տարվա ընթացքում նախաձեռնողականություն չդրսևորեցին, չկարողացան աշխարհաքաղաքական բախումների ֆոնին ներկայացնել պետական շահը, օգուտներ քաղել  դրանից և ԵԽԽՎ-ում դաշնակիցներ ունենալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը համաձայնեց այս տեսակետի հետ՝  պետք է կոորդինացված աշխատել,  նախաձեռնող լինել և  արտաքին քաղաքական դաշտում ունենալ հստակ ռազմավարություն:

 «Այս հարցում պետք է աշխատեն և´ օրենսդիր իշխանությունը, և´ գործադիր իշխանությունը, և´լոբբիստական կազմակերպությունները: Գործում պետք է ներգրավվեն նաև  անհատներ, ովքեր ունեն կապեր, որովհետև այսօր շատ բաներ իրականացվում են միջանձնային կապերի միջոցով: Միայն այս կերպ կարող ենք պայքարել թուրք-ադրբեջանական լոբբինգի և  նավթադոլարների դեմ: Իմ խորին համոզմամբ մենք հնարավորություններ ունեինք գործընթացի վրա ազդելու համար»,-շեշտեց Շահգելդյանը՝ հավելելով, որ միջազգային իրավունքը շարժման մեջ է և պետք է ունենալ ունենալ գրագետ միջազգային իրավունքի մասնագետներ, որոնց միջոցով այդ փոփոխություններին կկարողանանք  համընթաց քայլել:

Այս համատեքստում Մհեր Շահգելդյանն անգամ հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում  ԼՂՀ-ը պետք է առանձին ներկայացուցիչ ունենա, որպեսզի Արցախի ձայնն  առավել լսելի լինի` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական  հանրապետությունն ու Պաղեստինի արաբական մասն ունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում