Օջալանը վերջնաժամկետ է ներկայացրել Թուրքիային

Թուրքիայում գործունեություն ծավալող Քրդական աշխատավորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է, որ եթե թուրքական կառավարությունը հստակ քայլերի չդիմի թուրք-քրդական հաշտեցման գործընթացում, ինքը ստիպված կլինի չեղյալ համարել այդ գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Today’s Zaman լրատվականը, Օջալանը որպես վերջնաժամկետ է հայտարարել հոկտեմբերի 15-ը:

«Կարգավորման համար ես կսպասեմ մինչև հոկտեմբերի 15-ը: Թուրքական կառավարությունը խոսում է հաշտեցման գործընթացի վերաբերյալ, սակայն իրականում որևէ գործընթաց չկա: Նրանք խոսում են բանակցությունների մասին, մինչդեռ չկան բանակցություններ: Սա արհեստական կառուցվածք է, մենք այլևս այս ամենը չենք կարող հանդուրժել»,- Օջալանի խոսքն է փոխանցել նրա եղբայրը` Մեհմեդը: Վերջինիս հավաստմամբ` քուրդ առաջնորդը նշել է, որ թուրքական իշխանությունների կողմից հստակ քայլերի բացակայության պարագայում ինքն այլևս ի զորու չի լինի վերահսկել հաշտեցման գործընթացը :

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացն սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած` քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում