Թուրքիան համակած ցույցերի զոհերի թիվն ավելացել է

Հստակեցվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Քոբանիում իրականացվող գործողությունների դեմ բողոքելու նպատակով Թուրքիայում իրականացված ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհվածների թիվը: Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը հայտարարել է, որ գիշերվա բախումների հետևանքով մահացել է 18 մարդ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը:

Ըստ նախարարի հաղորդած տվյալների` ամենաշատը զոհեր գրանցվել են Դիարբեքիրում` 10-ը: Մարդինում մահացել է 3 ցուցարար, Սիիրթում (Սղերթ)` 2, Վանում` 1, Բաթմանում` 1, Մուշում` 1:

Հոկտեմբերի 7-ի գիշերը սկսված անկարգությունները համակել են ողջ Թուրքիան: Ստամբուլում ծավալվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 98 մարդ, վիրավորվել են 30-ը, որոնցից 8-ը ոստիկաններ են: Դիարբեքիրում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով փողոց են հանվել անգամ տանկեր: Թուրքիայի որոշ նահանգներում պարետային ժամ է հայտարարվել: Շատ շրջաններում դպրոցներում դասերը որոշ ժամանակով դադարեցվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում