Զաքար Խոջաբաղյան. «Ազգը ազգ է իր մշակույթով, գենոֆոնդով, կենցաղավարությամբ, աշխարհընկալմամբ, լեզվով…»
Նմանատիպ
Ֆեյսբուքյան խմբերում վերջերս մի քանի տեղ հանդիպեցի՝ ազգային պարը փորձնական ձրագրով մի քանի դպրոցում որպես պարտադիր առարկա մտցնելու շուրջ քննարկումների։
Նախ նշեմ, որ կարծիքների մեծամասնությունը դրական է։ Եվ վստահ եմ՝ մոտ ապագայում կունենաք բավարար քանակով մասնագետներ՝ Հայաստանում և սփյուռքում ազգային պարը որպես առարկա բոլոր դպրոցներում դասավանդելու համար։
Այնուամենայնիվ մի քանի հարցեր կան, որոնց կցանկանայի անդրադառնալ, և թեմայով զբաղվողների ուշադրությունն հրավիրել դրանց վրա։
Հիմնական առարկությունները՝ բանավիճող կողմերի, ծավալվում էին նրա շուրջ, որ ոմանց կարծիքով ազգային պարի, ազգային երգի, հայ եկեղեցու պատմություն առարկաները, ինչպես նաև շախմատը, դպրոցում պետք է լինեն որպես ֆակուլտատիվ առարկաներ, այլ ոչ պարտադիր։ Ըմբռնելով տեսակետի կողմնակիցների կարծիքը և բերվող արգումենտները, պիտի ասեմ, որ ներկա պահին չեմ կիսում այդ մոտեցումները, ինչու՞…։
Ասածներս ավելի համոզիչ դարձնելու համար, փորձեմ առավել պատկերավոր շարադրել։
Կարծում եմ գաղտնիք չէ, որ ներկայումս Հայաստանում, և թերևս աշխարհում գոյություն ունեն պատվաստումներ։ Պատվաստումներ՝ տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների մասսայական բռնկումները կանխելու համար։ Ի դեպ բոլորն արվում են գերազանցապես համընդհանուր շահի և ոչ՝ նեղ անհատական խնդիր լուծելու համար։ Մասսայական պատվաստումների շնորհիվ հնարավոր եղավ վերացնել կամ գոնե կանխել մի շարք սուր ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակները։ Այնուամենայնիվ, քիչ չեն նաև բարդությունների դեպքերը և խնդիրները, որոնք ի հայտ են եկել և գալիս են պատվաստումների արդյունքում։
Սակայն դա էլ չի խանգարում, որպեսզի հաճախ, առնաց անգամ ծնողների, էլ չասեմ երեխայի համաձայնությունը ստանալու, որոշակի պարտադիր պատվաստումներ արվեն երեխաներին։ Եվ շատ հաճախ ծնողները անգամ չեն քննարկում նման մոտեցման նպատակահարմարությունը, առկա ռիսկերը և հետևանքները՝ պրոցեսը համարելով օրինաչափ և պարտադիր բաղադրիչ երեխայի աճի և զարգացման համար։
Բոլոր այդ պատվաստումներն ուղղված են երեխայի մարմինը տարատեսակ հիվանդություներից պաշտպանելուն։ Սակայն «առողջություն» հասկացության միջազգային և ընդունված ներկա ձևակերպումը առողջությանը դիտարկում է՝ մարմնական, հոգևոր և սոցիալական պարտադիր բաղադրիչներից բաղկացած ամբողջություն։ Այսինքն, առողջ մարդը պետք է առողջ լինի, ոչ միայն մարմնով այլև մյուս երկու բաղադրիչներով։
Սակայն չգիտես ինչու, ներկայումս տարբեր շերտերի կողմից կարծես անտեսվում է առողջության մյուս՝ հոգևոր և սոցիալական բաղադրիչներն անաղարատ պահելուն ուղղված պրոֆիլակտիկ միջոցառումները։
Հաշվի առնելով, որ ցեղասպանության արդյունքում մենք բռնի կերպով կորցրեցինք մեր ազգի գենոֆոնդից զատ մեր մշակույթի զգալի մասը, որը հետագայում շարունակվեց նաև բոլշևիկյան և կոմունիստական ժամանակաշրջաններում (տարբեր մտավորականների գնդակահարություններ, եկեղեցիների փակում և այլն։ Չմոռանանք, որ, ըստ էության, կրթությունը և, հետևաբար, ազգային հարստության սերնդեսերունդ փոխանցումը կատարվում էր շնորհիվ եկեղեցու, քանի որ թե դպրոցները, և թե ցանկացած ուսումնական պրոցես ուղղակիորեն կապ ուներ եկեղեցու հետ, և կորցնելով եկեղեցիներ, հոգևորականներ, մտավորականներ և գիրք գրականություն, փաստացի կորցրեցինք նախորդ սերունդները հաջորդներին կապող օղակի գերակշիռ մասը)՝ պետք է ի փառս մեր ազգի նշել, որ շնորհիվ հատուկենտ մնացած նվիրյալների, որպիսի վառ օրինակը կարելի է համարել «Վերնատունը», մեզ հաջողվեց վերապրել և հառնել մոխրից, ինչի արդյունքը Արցախի ազատագրումը կարելի է համարել և պետության և բանակի վերաստեղծումը։
Այնուամենայնիվ, շնորհիվ մի քանի ապաշնորհ, հայատյաց կերպարների, որոնք չնայած որ ստանձնել էին ազգին ղեկավարելու ղեկն ու պատասխանատվությունը, բայց գտնում էին, որ ազգային արժեքները կեղծ կատեգորիա են, մեր եթերից սկսեցին հանվել ազգային գրեթե ամեն ինչ։ Շատերդ, կարծում եմ, հիշում եք, հատկապես Արցախյան ազատամարտի տարիներին հեռուստատեսությամբ հեռարձակվող ֆիդայական ֆիլմերը, երգերը … գրեթե բոլոր մանկապարտեզներում երեխաներին գերազանցապես սովորեցնում էին ֆիդայական և ազգային երգեր, 80-ականների վերջում մանուկ եղածները շատ լավ կհիշեն «Հայերեն երգենք ամբողջ աշխարհում», «Հայ ֆիդայի», «Արարատն առաջ», «Զարդիր որդյակ» և այսպիսի բազմապիսի երգեր, ինչը ցավոք չենք կարող ասել դրանից հետո մանուկ եղած երեխաների համար։ Շնորհիվ մի քանի հեռուստաալիքների, որոնք օրը քսանչորս ժամ երգ երաժշտություն և ֆիլմեր էին հեռարձակում և շարունակում են մինչ օրս իրենց գործը, պետք է նշեմ, որ ամենավայրենի կերպով հարձակում էր գնում և դեռ շարունակվում է գնալ մեր երեխաների և հասարակության հոգևոր առողջության նկատմամբ։ Սակայն, եթե ֆիզիկական առողջությանը սպառնացող ուղղակի վտանգը իրեն զգացնել է տալիս, ասենք, ցավի կամ այլ ազդակների միջոցով և ստիպում օրգանիզմին (տվյալ դեպքում, օրգանիզմ ասվածը նաև կոլեկտիվ հասկացություն կարելի է համարել, ազգն էլ իր տեսակի մեջ օրգանիզմ է, քանի որ ունի օրգանիզմին հատուկ բոլոր գործառույթները) պաշտպանվել (դա կոչվում է բնական իմունիտետ՝ ինքնապաշտպանություն), ապա այս դեպքում, օրգանիզմը իր վրա ազդող վտանգը չի զգում և չի գիտակցում (հետևաբար և չի պաշտպանվում)։
Ընդհանրապես հոգեբուժության մեջ գոյություն ունի այսպիսի մի սկզբունք. համարվում է, որ եթե հոգեկան հիվանդը գիտակցում է, որ ինքն ունի հոգեկան հիվանդություն, ապա դա դրական նշան է, և դա կարելի է համարել նաև հնարավոր և հավանական բուժման ուղղակի մարկեր՝ ցուցիչ։
Սա նշում եմ, ընդգծելու համար, որ այսօր հասարակության մի զգալի մաս, բնականաբար չի ընդունի իր հոգևոր առողջությունը խաթարված լինելու վիճակը։ Այսինքն, հոգեկան հիվանդը՝ չի ընդունում իր հիվանդ լինելը։ Չցանկանալով վիրավորել ոչ ոքի, այլ հարցին մոտենալով զուտ մասնագիտական տեսանկյունից՝ ստիպված եմ ասել, որ ինչպես և տարբեր հոգեկան հիվանդությունների պարագայում է ընդունված կիրառել որոշ ծայրահեղ մեխանիզմներ, ինչպիսիք են օրինակ հիվանդի ժամանակավոր մեկուսացումը և բուժական միջոցառումները, ապա գլոբալ առումով երբեմն պետք է ընդունենք, որ ստիպված ենք գնալ որոշ կոշտ և պարտադիր քայլերի։
Կարծում եմ, ոչ-ոքի համար արտառոց չեն սանէպիդկայանների առկայությունը և վաճառվող սննդամթերքի պարտադիր զննումը՝ առողջության համար դրա վնասակարությունը բացառելու նկատառումներով։
Հետ վերադառնալով առողջություն հասկացության ընդունված ձևակերպմանը՝ կարելի է ենթադրել, որ հոգևոր առողջությունն էլ իրավունք ունի յուրատեսակ սանէպիդ կայանի լինելիությանը։ (Ի դեպ, հենց այս սկզբունքն էր նաև ընկած «հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության շրջանակներում համապատասխան մարմնի ստեղծման և որոշակի ստանդարտների՝չափորոշիչների կիրառման անհարեժշտության առաջարկի հիմքում։) Համեմատական եզրեր անց կացնելով ինֆեկցիոն զանազան վարակներից պաշտպանելուն ուղղված պարտադիր պատվաստումների հետ, կարծում եմ տեղին է նշել, որ տվյալ պարագայում ազգային առողջությունը չխաթարելու համար, շատ տեղին որոշում է ազգային երգը, պարը, առհասարակ ազգային մշակույթը որպես պարտադիր առարկա Հայկական դպրոցներում մտցնելը։ Չէ՞ որ Հայոց լեզու, Հայոց պատմություն և այլ նմանատիպ առարկաները տարակուսանք չեն հարուցում հասարակության ընդհանուր շերտերում։
Հարգելիներս, ցավոք, բայց պետք է ընդունենք, որ մեր համազգային առողջությունը բավականին խաթարված է, և այդ է պատճառը, որ ազգային մշակույթի բաղադրիչների ուսուցումը դպրոցում ոմանց մոտ նման ռեակցիա է առաջացնում։ Սա փաստացի հիմնավորումն է, նման առարկաների հրատապության, և դրանց պարտադիր լինելու պատեհությունը արդարացնող ցուցիչն է։
Կցանկանայի ուշադրություն հրավիրել հայկական կրթական համակարգի մի քանի կարևոր սկզբունքներին։ Խոսքս վերաբերվում է «Ոսկեդարում» և դրան հաջորդած ժամանակաշրջանում հայկական դպրոցին, երբ, չունենալով պետականություն, ունեինք բավականին հզոր դպրոց՝ կրթական համակարգ։
Այդ համակարգի հենասյուներից մեկն, ըստ էության, նախքան երեխային գիտելիք տրամադրելը, նրան այդ գիտելիքի հետ վարվել սովորացնելն էր, գլոբալ առումով՝ դաստիարակելը։
Նախնական և պարտադիր առարկաներ էին երգը, պարը, նկարչությունը, որից հետո արդեն գալիս էին համրողական արվեստ, աշխարհագրություն պատմություն, ճարտասանություն, բնական գիտություններ, իսկ այդ քառասյուն շարքի պսակն էին արդեն բժշկությունը, աստղագիտությունը և այլն։ Ընդհանուր առմամբ շարքը, այբուբենի քառաշարք սյան պես, բաժանված էր չորս մասի. առաջին շարքում՝ արարչական, երկրորդում՝ իմաստասիրական, երրորդում՝ ճարտասանական և չորրորդում ՝ ռաբբիական…
Ինչպես տեսնում ենք՝ հայ դպրոցը պատրաստում էր ոչ թե մասնագետ, այլ ավելի պատկերավոր ասած՝ ամբողջագետ, կամ ավելի պրակտիկ եթե խոսենք, ժամանակակից ընկալումներով՝ քաղաքացի, մարդ, Մարդ՝ Աստվածային կատարելությանը հասնելու Աստվածատուր շնորհով։
Չմոռանանք՝ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, և եթե Աստված արարիչ է, ապա մարդը նույնպես պետք է ստեղծող լինի, և ոչ՝ միայն սպառող, ինչպիսին այսօր արտադրում է ժամանակակից աշխարհը։
Ամփոփելով, հարգելիներս, կցանկանայի, որ հարցերին նայենք ավելի գլոբալ, չմոռանալով նաև մեր տեսակային շահը։ Մարդկության գեղեցիկ զանազանության մեջ, ամեն ազգ իր յուրահատուկ ու կարևոր տեղն ունի և այդ մեծ ամբողջության ներդաշնակ լինելիության պարտադիր բաղադրիչն է։ Եվ ուրեմն, համամարդկային շահերից է բխում յուրաքանչյուր ազգի լինելիությունը, իսկ ազգը ազգ է իր մշակույթով, գենոֆոնդով, կենցաղավարությամբ, աշխարհընկալմամբ, լեզվով…։ Համամարդկային արժեքներից խոսող ցանկացած ոք, ով չի ըմբռնում այս պարզ ճշմարտությունը, մոլորյալ ֆաշիստ է։
Եվ ուրեմն, ներկա աշխարհաքաղաքական զարգացումների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական գերժամանակակից պատերազմների այս ժամանակահատվածում, այս որոշումը կարելի է միմիայն ողջունել՝ համարելով մի քիչ ուշ, բայց ոչ ուշացած։
Զինվենք համբերությամբ, լինենք համերաշխ և փոխադարձ հարգալից, սիրով միմյանց հանդեպ և սիրենք նաև մեր տեսակը, չէ՞ որ այն էլ մի մասն է համամարդկային ժառանգության, և ի հպարտություն մեզ՝ այո, գեղեցիկ, պիտանի մասը։
Եվ ուրեմն, պահպանելու համար համամարդկային ներդաշնակությունը, մենք պարտավոր ենք պահպանել նախ և առաջ ինքներս մեզ, իսկ դա անելու համար՝ մենք պարտավոր ենք հարկ եղած դեպքում գնալ նաև պարտադիր թե կանխարգելիչ, և թե բուժիչ գործողությունների։
Առաջն Աստված։ Հարգանքներով Ձեր՝
Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ