Ծովափնյա հանգիստ և շնաձկներ․ Որքանո՞վ են վտանգավոր Եգիպտոսի լողափերը

Ծովափնյա հանգիստ և շնաձկներ․ Որքանո՞վ են վտանգավոր Եգիպտոսի լողափերը

Բոլորովին վերջերս համացանցում տարածվեցին կադրեր, թե ինչպես է շնաձուկը հոշոտում ռուս զբոսաշրջիկին եգիպտական Հուրգադա քաղաքին հարակից լողափերից մեկում։ Այս սարսափելի դեպքը, սակայն, Եգիպտոսի ափերի մոտ հաճախ կրկնվող իրադարձություն է․ գրեթե ամեն տարի Կարմիր ծովի՝ զբոսաշրջիկներով լեցուն ափերի մոտ արձանագրվում են հարձակումներ շնաձկների կողմից։

Պարզվում է, որ Եգիպտոսի հյուրանոցների միայն 7%-ի լողափերն են հագեցած շնաձկներից պաշտպանիչ ցանցերով։ Այս մասին գրում է ռուսական «Իզվեստիա» կայքը։

Ըստ փորձագետների՝ նման ցանկապատերի տեղադրումը թանկ է, և հաճախ անհնարին, չնայած այն հանգամանքին, որ դա պաշտպանության միակ արդյունավետ միջոցն է։

Եգիպտոսում գործող 300-ից ավել հյուրանոցների միայն 20-ի լողափերն են հագեցած պաշտպանիչ ցանցերով, ինչը 7%-ից քիչ է:

«Շնաձկների» ցանցերի տեղադրումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ կան զբոսանավերի համար նախատեսված կառամատույցներ և բնապահպանական սահմանափակումներ։

«Եթե ​​լողափը օգտագործվում է նաև որպես նավահանգիստ, ապա ցանցային պարիսպ չի կարելի տեղադրել, քանի որ ցանկացած նավ կարող է վնասել այն և ինքն էլ տուժել»,- ասել է զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի արտագնա տուրիզմի գծով փոխնախագահ Արթուր Մուրադյանը։

«Մոսկվարիում» կենսաբանական ծառայության ղեկավար Իրինա Մայնցերը, խոսելով բնապահպանական սահմանափակումների մասին, ասել է․ «Ծովային կենդանիները՝ կրիաներ, կատվաձկներ, հաճախ են ընկնում նրանց մեջ և սատկում։ Սա վնասում է Կարմիր ծովի էկոհամակարգը։ Այնուամենայնիվ, ցանցերը շնաձկներից լողափերը պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն են»։

Այսպիսով՝ արդյո՞ք անվտանգ է Եգիպտոս մեկնելը

«Մեծ Հուրգադայի» լողափերը շնաձկների հարձակումների առումով չեն համարվում վտանգավոր։ Ցավոք, ինչպես ցույց է տվել փորձը, շնաձկները կարող են հայտնվելը իրենց համար ոչ բնորոշ վայրում»,- «Իզվեստիա» լրատվական կայքին ասել է Եգիպտոսում ՌԴ հյուպատոսությունը։

Շնաձկների հարձակման պատճառով ռուս զբոսաշրջիկի մահվան դեպքը անհանգստության ալիք է առաջացրել Եգիպտոս այցելող տուրիստների շրջանում։ Իրավիճակը մեղմելու նպատակով Եգիպտոսի իշխանությունները գիշատիչների շարժին հետևելու համար ձեռք են բերել 50 արբանյակային հետագծող սարք։

Սակայն մասնագետները կարծում են, որ այս միջոցի արդյունավետությունը կասկածելի է։ Սարքերը պետք է տեղադրվեն շնաձկների վրա, ինչն այդքան էլ իրատեսական չէ, քանի որ դրանք պետք է դուրս գան ջրի երես, որպեսզի սարքերը հնարավոր լինի տեղակայել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում