ՌԴ նախագահի խորհրդականը Հայաստանին ԵՏՄ-ի լիիրավ անդամ է տեսնում 2015-ին

Հայաստանն ակտիվորեն աշխատում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ: Եվրասիական զարգացման բանկի 9-րդ համաժողովին այս մասին ասաց ՌԴ նախագահի տարածաշրջանային տնտեսական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը: Խոսելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի վերաբերյալ` Գլազևը նշեց, որ այն իր ուշադրության կենտրոնում մի շարք հարցերի շարքում կունենա նաև ԵՏՄ-ին այն երկրների միանալու հարցը, որոնք արդեն աշխատում են այդ ուղղությամբ: «Մասնավորապես, կխոսվի Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի անդամակցության վերաբերյալ: Ղրղզստանը երկար ժամանակ է այդ ուղու վրա, բայց միանալու գործընթացն այս կամ այն պատճառներով հետաձգվում է:

Մինչ մենք տանում ենք խոսակցություններ այդ երկրի միացման ճանապարհային քարտեզը մշակելու ուղղությամբ, Եվրասիական բանկի «ինտեգրացիոն բարոմետրով» նրանց ցուցանիշն ընկել է: Հայաստանն առավել լավ ու արագ է ինտեգրվում, հուսով եմ` հաջորդ տարի այն կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ասաց Գլազևը` հույս հայտնելով, որ Տաջիկստանը ևս դուրս չի մնա ինտեգրացիոն գործընթացներից:

«Ինչ վերաբերում է Ուզբեկստանին, ապա ժողովուրդը տեսնում է իրեն միասնական եվրասիական տնտեական տարածքի սահմաններում, մինչդեռ իշխանությունները դեռ այդպիսի ցանկություն չեն հայտնել»,-ասաց Գլազևը:

«Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպումներից հետո մեր հետագա քայլերը քաղաքական առումով կպարզվեն, ընդհանուր ուղղությունն ու ծրագրերը կհաստականան»,-հավելեց Գլազևը:

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ընթանում է Եվրասիական զարգացման բանկի 9-րդ համաժողովը, որի քննարկման առանցքում Եվրասիական ինտագրացիայի հարցն է:

Եվրասիական զագացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է անդամ-երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի շուկայական տնտեսության զարգացման համար: Գործողությունների տարածքը 20.4 միլիոն կիլոմետր է` 187 միլիոն բնակչությամբ: Կանոնադրական կապիտալը 1.5 միլիարդ դոլարից բարձր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում