ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է Թուրքիայի հետ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին

Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Ստոլտենբերգն ու Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիս են իրականացրել` պատասխանելով լրագրողների հարցերին:

Իր խոսքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մշտապես պատրաստ է աջակցել իր գործընկերներին` նրանց անվտանգությունն ապահովելու հարցում: Նա կարևորել է թուրքական սահմանին հակաօդային պաշտպանական Patriot համակարգերի տեղադրումը` նշելով, որ համակարգերը մեծապես կնպաստեն Թուրքիայում անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ստոլտենբերգը վստահեցրել է, որ «Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է համագործակցությունը Անկարայի հետ տարածաշրջանի անկայուն դրությանը վերջ տալու նպատակով»:

Իր խոսքում Թուրքիայի արտգործնախարարը կրկին ուշադրություն է հրավիրել վերջին օրերին պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքական գերակայություն դարձած հարցի` Բաշար Ասադին Սիրիայի նախագահի պաշտոնից հեռացնելու վրա: Չավուշօղլուն պնդել է, որ տարածաշրջանային անկայունության պատճառը Ասադի իշխանությունն է, որը պետք է տապալել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում