ՀՀ 2-րդ նախագահը հաջողություն է մաղթել Բ.Սահակյանին
Նմանատիպ
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` օրերս կայացած հեռախոսազրույցի մասին:
«Իրոք, օրերս նրանք զրուցել են հեռախոսով: Բայց սա ինչ-որ մի արտառոց երևույթ չէ: Ռոբերտ Քոչարյանի և Բակո Սահակյանի հարաբերությունները` աշխատանքային և անձնական, երկար տարիների պատմություն ունեն, նրանց շփումներն էլ մշտական բնույթ են կրում: Նշված հեռախոսազրույցի բոլոր մանրամասներին, բնականաբար, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում», – Մեդիամաքս-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսի 19-ին: Հունիսի 20-ին մեկնարկած քարոզարշավը կավարտվի հուլիսի 17-ի կեսգիշերին:
Նախագահ պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, թոշակառու Վալերի Խաչատրյանը, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը: Նրանք բոլորն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրվել են:
Կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում’ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում