Ավստրալական օդանավերը ռմբակոծել են Իրաքում ԻՊ-ի դիրքերը

Ավստրալական օդանավերը հոկտեմբերի 9-ին հարվածել են Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռումբերն արձակելուց հետո օդանավերը վերադարձել են Արաբական Միացյալ Էմիրությունների բազա: Ավստրալիան ԱՄԷ էր ուղարկել 8 ինքնաթիռներ և 400 զինծառայողներ, հոկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատել էր նրանց մասնակցությունը Իրաքի ռազմական գործողություններին:

Տեղեկություններ են ստացվել, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հոկտեմբերի 8-ին մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 18 մարդ զոհվել է, ևս 25-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել Սադր շրջանում, որտեղ հիմնականում շիաներ են բնակվում:

Իրաքում սեպտեմբեր ամսին բռնությունների զոհ են դարձել ավելի քան 1100 մարդ, մոտ 2 հազար մարդ վիրավորվել են: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին, մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչությունների զոհ էին դարձել ևս 15 մարդ, տասնյակ վիրավորներ էին գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում