Թուրքիայում ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականներ օգնության կարիք ունեն

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Քարոլ Բատչելորը հայտարարել է, որ Թուրքիայում ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականներ օգնության կարիք ունեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով՝ փախստականները մնացել են առանց ուտելիքի և դեղորայքի և միջազգային օգնություն չի հատկացվել: Քարոլ Բատչելորը նշել է, որ Թուրքիայում 1,5 միլիոն սիրիացի փախստականների մեծամասնությունը բնակվում է ճամբարներից դուրս, որն ամենամեծ խնդիրներից մեկն է: Նա պարզաբանել է, որ Թուրքիայի տարբեր հատվածներում փախստականների 22 ճամբարներում բնակություն են հաստատել 220 հազար մարդ, իսկ դա նշանակում է, որ մեկ միլիոնից ավելի փախստականներ ժամանակավոր բնակվում են մզկիթներում, դպրոցներում և այգիներում, և նրանք անհապաղ օգնության կարիք ունեն:

Հատկանշական է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում ավելի քան 180 հազար բնակիչներ Այն ալ Արաբ քաղաքից փախուստի են դիմել դեպի Թուրքիա:

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականներ բնակություն են հաստատել հարևան երկրներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում