Եմենում ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 5 տասնյակը

Եմենում հոկտեմբերի 9-ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 54-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել էր մայրաքաղաք Սանայի Թահրիր հրապարակում: Բացի այդ, մեկ այլ պայթյուն որոտացել էր Ալ Աբր շրջանում, մյուսը՝ Ալ Մուկալլա քաղաքում: Որևէ խմբավորում դեռ իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը:

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը տեղեկացնում է 32 զոհերի մասին, որոնց թվում նաև երեխաներ կան:

Եմենում քաղաքական ճգնաժամ է տիրում, քանի որ նորանշանակ վարչապետը շիա ապստամբների դժգոհությունից հետո որոշել էր հրաժարական տալ: Ավելի վաղ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին երկրի նոր վարչապետ էր նշանակել իր օգնական Աուադ բն Մուբարաքին: Որոշումն ընդունվել էր քաղաքական ուժերի համաձայնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում