ԵՏՄ-ի շրջանակներում միասնական արժույթի ստեղծման հարցն ակտուալ չէ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի ստեղծման շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին Եվրասիական զարգացման բանկի 9-րդ համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիս ժամանակ հայտնեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: «Մենք պետք է նախ ստեղծենք լիարժեք մաքսային միություն, միասնական տնտեսական տարածք, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատանքի տեղաշարժման ընդհանուր շուկա: Իսկ միասնական արժույթի ստեղծումը ԵՏՄ-ի շրջանակներում այսօր ակտուալ թեմա չէ: Պատճառներից մեկն այն է, որ ինտեգրացիոն գործընթացներից դուրս են գտնվում հարկային, բյուջետային ոլորտները: Ինչպես ցույց է տվել Եվրամիության փորձը միասնական արժույթի ստեղծումն առանց հարկային-բյուջետային համակարգերի միասնականացման, հատկապես պետական պարտքի համակարգի միասնականացման, շատ ռիսկային է: Ցանկացած արժույթի էմիսիայի հիմքում ընկած են պարտքերը, հատկապես պետական պարտքերը: Եվրամիությունը մի իրավիճակի առջև կանգնեց, երբ միասնական արժույթ ընդունեց առանց պետական պարտքի կառավարման միասնական համակարգ ստեղծելու: Դրա համար էլ առաջ եկան Հունաստանի և այլ երկրների օրինակները»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ասաց Գլազևը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ղեկավար Ռուսլան Գրինբերգն էլ ավելացրեց, որ միասնական արժույթի համակարգի ստեղծմանը պետությունները դեռ պատրաստ չեն, քանի որ այն ինքնիշխանության հարց է առաջացնում:

2014 թվականի մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ ստանա 2015 թվականի հունվարի 1-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում