Իրաքյան Քրդստանի հայ պատգամավորը Քոբանիի դեպքերը նմանեցրել է Հայոց ցեղասպանությանը

Իրաքյան Քրդստանի դաշնային խորհրդարանի պատգամավոր, «Նուներե Էրմենիա» կուսակցության անդամ Երվանդ Ամինյանը, ով քուրդ փախստականների վիճակին ծանոթանալու համար եկել է թուրքական Սուրուչ գավառ, Քոբանիում կատարվող իրադարձությունները նմանեցրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ամինյանը զրուցել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի թղթակցի հետ:

Խոսելով Սիրիայից եկած քուրդ փախստականների մասին` Ամինյանը նշել է, որ նրանք ներկայում բնակվում են վրաններում կամ խանութներում և բավականին ծանր վիճակում են: Քրդական խորհրդարանի հայ պատգամավորի խոսքերով` դեռ 5 հազար մարդ Սիրիայի կողմից սպասում է թուրքական սահմանի բացմանը և թուրքական կողմն անցնելուն:

Լինելով Հայոց ցեղասպանության ժամանակ Սիիրթի (Սղերթ) Էրուհ շրջանից Իրաքյան Քրդստան փախած հայկական ընտանիքի զավակը` Ամինյանը պատմել է, որ մեր օրերում Քոբանիում տեղի ունեցող իրադարձությունները պարզապես կրկնում են ցեղասպանության պատմությունները: «Ընտանիքիս հարցնում էի, թե ինչպես են հայերը 100 տարի առաջ փախել սահմանից այն կողմ: Այժմ, ինչպես տեսնում ենք, 100 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել: Այսօր տեսնում եմ փախուստի ամբողջությամբ նույն, կրկնվող պատկերը: Որպես հայ` շատ ցավալի է տեսնել, թե այսօր ինչ է կատարվում քրդերի հետ»,- ասել է Երվանդ Ամինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում