Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին

Երևանում հոկտեմբերի 9-ին կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցը քննարկել է ԱՊՀ գործադիր կոմիտեի և հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, ուրվագծվել է արտերկրում հաշվեհամարի բացման ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի հարցով ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության կատարելագործման սցենարը:

Քննարկվել են վերլուծական աշխատանքների կատարման մեթոդներ, որոնց օգնությամբ դուրս են հանվում տնտեսության առավել ռիսկային և հանցավոր ուղղությունները, ըստ որոնց` կազմակերպվում է օպերատիվ մարմինների պայքարը` երկրի տնտեսական անվտանգության ապահովման նպատակով:

Կարևորվել է նաև ԱԱՀ-ի վճարումից խուսափելու գործոնը բացահայտելու համար մասնակից երկրների ուժերի համախմբումը: ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ներկայացրել է հարկային իրավախախտումների դեմ պայքարում Հայաստանի փորձը և լսել մյուս երկրների գործընկերներին: «Կարծում եմ` ԱՊՀ երկրների մեր գործընկերների հետ փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրների բարձրաձայնման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ եղանակներ գտնել ու կիրառել մեր աշխատանքում` երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նկատել է ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ Գարիկ Դարբինյանը:

Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննության դեպարտամենտի տնօրեն Իգոր Մարշալովի գնահատմամբ` ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության մակարդակը բավական բարձր է. «Ներկայում շատ է տարածված արտերկրում ձեռնարկատիրության գրանցումը` ոչ ռեզիդենտի անունով: Նման հանցագործություններն առանց համագործակցության չափազանց դժվար է բացահայտել: Համատեղ աշխատանքի շնորհիվ ենք նաև վեր հանում մեր երկրների տարածքում կեղծ ձեռնարկատիրության դեպքերը»:

Իգոր Մարշալովը ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահության իրավունքը փոխանցել է Հայաստանի ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանին:

Նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներն արձանագրություն են ստորագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում