Ա.Զաքարյան. «Տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականության պարագայում հնարավոր կլինի պահպանել կայուն, համաչափ և խաղաղ զարգացումներ»
Նմանատիպ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Բաբայանն այսօր հանդիպել են Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Յաապ Վերների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգևլիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից, Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային հիմնախնդիրներին: Հանձնաժողովի նախագահը տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունները գնահատել է կառուցողական և փոխշահավետ: Նրա խոսքով’ տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականության պարագայում հնարավոր կլինի պահպանել կայուն, համաչափ և խաղաղ զարգացումներ:
Խոսելով Ադրբեջանի հետ չկարգավորված խնդիրներից, պարոն Զաքարյանն անդրադարձել է վերջինիս պատերազմական հռետորաբանությանը, սահմանային միջադեպերին, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն ՀՀ և Լեռնային Ղարաբաղի սահմանապահներ, այլև տուժում է խաղաղ բնակչությունը: Նշվել է, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքրոշումը համահունչ է եղել միջազգային սկզբունքներին ու մոտեցումներին:
Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների խորհրդարանին’ 2004 թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:
Յաապ Վերները կարևորել է, որ Հայաստանում ԱԺ ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ դիտորդական առաքելությունները դրական գնահատական են տվել ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին, հույս հայտնելով, որ Հայաստանն ապագայում ևս հավատարիմ կմնա ժողովրդավարական բարեփոխումներին:
Հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետները ներկայացրել են հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում