Ֆուտբոլային դիվանագիտության ծնունդից մինչև գրողի ծոց. «Հարության» հնարավորություններ և ռիսկեր

Հինգ տարի առաջ՝ 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում  Հայաստանի  և Թուրքիայի ԱԳ նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ: Ի դեպ, փաստաթուղթը նախաստորագրվեց մոտ 3,5 ժամ ուշացումով, ինչի  պատճառը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության տեքստի հետ կապված  Հայաստանի պատվիրակության անհամաձայնությունն էր:

Արարողությանը ներկա էին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեռնար Քուշները, Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Ժբոգարը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը.

Ղեկավարվելով նույն օրը ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ,

Նկատի ունենալով վստահության եւ երկկողմ շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,

Որոշելով զարգացնել եւ խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակույթի, գիտական, տեխնիկական եւ այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,

Աջակցելով երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Եվրատլանտյան գործընկերության խորհրդում եւ ՍԾՏՀ-ում,

Հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցելու տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ` հանուն տարածաշրջանի ժողովրդավարական եւ տեւական զարգացման ապահովման,

Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային եւ միջազգային վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա,

Վերահաստատելով իրենց պատրաստակամությունը ակտիվորեն սատարելու միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերի եւ զենքի ապօրինի առք ու վաճառքը,

1. Համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,

2. Համաձայնեցին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդատվություններ, իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար, առավելագույնս օգտագործել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,զարգացնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը` երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով, համագործակցել գիտության եւ կրթության ոլորտներում` համապատասխան հաստատությունների միջեւ հարաբերությունների խրախուսման եւ մասնագետների ու ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով, եւ աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման եւ համատեղ մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով, համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963 թվականի կոնվենցիայի համաձայն` երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով, ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջեւ առեւտուրը, զբոսաշրջությունը եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով, երկխոսություն ծավալել եւ ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերում,

3. Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ` սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց, կստեղծվի աշխատանքային խումբ` երկու արտգործնախարարների ղեկավարությամբ:

Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձեւերը կհաստատվեն նախարարական մակարդակով:

Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո: Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ քան մեկ ամիս անց եւ կգործեն շարունակաբար մինչեւ իրենց մանդատի ավարտը:

Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը.

Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,

Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները,

Հաշվի առնելով երկու երկրների միջեւ` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի եւ վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարեւորությունը,

Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

Կարեւորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը,

Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

Դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը` անկախ դրանց պատճառներից եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում,

Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխըմբռման, խաղաղության եւ ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձեւեր եւ ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,

Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայի համապատասխան, եւ փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:

Հավելենք, որ ըստ հաստատված ժամանակացույցի՝  հայ-թուրքական սահմանը պետք է բացվեր  Հայաստանի Հանրապետության  և Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 1993թ.-ին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ՝ ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձ Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում:

Իր հերթին  հայկական կողմը 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր է կատարել, որոնք անհաջողությամբ են մատնվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: Վերջին՝ նոր փուլը 2008-ին էր, երբ սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն այցելեց Երևան` ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով, որով ըստ էության, դրվեց ֆուտբոլային դիվանագիտության հիմնաքարը: Ի դեպ, 2009թ. -ի հոկտեմբերի 14 -ին    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխան այց կատարեց Բուրսա` դիտելու ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը:

Ինչևէ, արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան  կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածությունից, Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

Մի առիթով ռուսական լրատվամիջոցներից  մեկին տված հարցազրույցում  հարցին, թե ե՞րբ է եղել, որ ԼՂ-ի հարցը Թուրքիան չի փոխկապակցել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է.

«Չի եղել: Դա եղել է միայն մինչեւ Քելբաջարը: Այո, մենք փորձում էինք ապացուցել թուրքերին, որ պետք չէ այդ երկու հարցը փոխկապակցել: Դա մեր կողմի նորմալ դիրքորոշումն էր: Կարծում եմ, որ դա ճիշտ կլիներ նաեւ Թուրքիայի համար: Թուրքերն այդ հարցում իսկապես սխալվեցին եւ դրանով Ադրբեջանին ոչ թե օգնեցին, այլ վնասեցին: Նրանք ադրբեջանցիներին ներշնչեցին, թե Թուրքիան դաշնակից է, թե ինքը նրանց մեջքին կանգնած է, եւ ադրբեջանցիները կարող են  ղարաբաղյան հարցում ավելի անզիջում լինել: Եւ իրոք, դա հանգեցրեց երկրորդ պատերազմի, երբ Ադրբեջանը արդեն կորցրեց հինգ շրջան: Դրանում կա նաեւ Թուրքիայի մեղքը, վերջինս կարող էր ադրբեջանցիներին մի քիչ իրատեսություն ներշնչել, համոզել նրանց ինչ-որ զիջումների գնալ: Նրանցից այն ժամանակ ավելի քիչ զիջումներ էր պահանջվում, քան հիմա: Իմիջիայլոց, կան նաեւ թուրք քաղաքական գործիչներ, որոնք ընդունում են, որ դա սխալ էր»:

Վերադառնալով  հայ-թուրքական արձանագրություններին և դրան հաջորդած գործողություններին՝ նշենք, որ 2010թ.-ի հունվարի 12-ին ՀՀ ՍԴ-ը գտավ, որ արձանագրությունները չեն հակասում  ՀՀ սահմանադրությանը՝ իհարկե, որոշակի վերապահումով: Իսկ արդեն 2010թ. ապրիլի 22-ին հաշվի առնելով վերևում նշված թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: Այստեղ չմոռանանք, որ ՀՅԴ-ը, ավելին, կուսակցության նախաձեռնությամբ ընդդիմադիր 14 կուսակցություն և տասնյակ հասարակական կազմակերպություններ դեմ արտահայտվեցին հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Ավելին, սրա պատճառով ՀՅԴ-ը դուրս եկավ կոալիցիայից:

Հինգը տարի շարունակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, հայկական կողմն ամեն պատեհ առիթի արտահայտում էր իր պատրաստակամությունն առանց նախապայմանների կարգավորելու հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները, ժամանակ առ ժամանակ՝  ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, թուրքական կողմից «քաղցր ու բարեկամական» հայտարարություններ էին հնչում, բայց գործնականում հակառակ բանն էր արվում՝ Թուրքիան  համարձակություն չունեցավ  առերեսվելու  սեփական պատմությանը և փոքր եղբոր շահը տարանջատելու սեփական շահից: Բանը հասավ նրան, որ Թուրքիայի նախագահին Երևան գալու հրավեր  արած Հայաստանի նախագահը Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, «գրողի ծոցն» ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունները.

 «Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել
Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար:

Հայտնի է,որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:

Գործնականում, սակայն, արձանագրություններն «ապրում» են, քանի որ խորհրդարանից հետ չեն կանչվել, գուցե հույս կա, որ Թուրքիան կապաշխարհի և կբացի՞ սահմանը…

Այստեղ հարց է ծագում՝ որքանո՞վ ենք մենք պատրաստ դրան, արդյոք այս պարապուրդի տարիներին, մենք հաշվարկե՞լ ենք սրանից բխող բոլոր ռիսկերը: Իհարկե՝ ոչ: Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է. Հայաստանի բնակչությունը 3 միլիոն էլ չկա, իսկ Թուրքիայի բնակչությունը մոտ 80 միլիոն է, այստեղից հետևություն՝ սահմանի բացման դեպքում մեզ կուլ կտան մեր ներկա ժողովրդագրական պայմաններում, սրանից բացի  ազգային անվտանգությանը սպառնացող այլ վտանգ է առաջ գալու, երբ ով ասես շատ հանգիստ կարող է մուտք գործել  մի երկիր, որը չավարտած պատերազմ ունի: Դեռ թարմ են քարվաճառյան դեպքերը, որոնք հետևանք էին լեռնաանտառային եւ լեռնատափաստանային լանդշաֆտի եզակիության, իհարկե, նաև ազգային անվտանգության ծառայության աշխատանքի խնդիրը կար: Եվ այս դեպքում նման վտանգը կրկնապատկվելու է, այն էլ այսօրվա աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների պայմաններում:

Հաջորը՝ Հայաստանի տնտեսությունը զարգացած չէ, մինչդեռ Թուրքիան համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը: Որոշ վերլուծությունների համաձայն՝ Թուրքիան աշխարհում 15-րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և 17-րդը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով։ 2010 թ. տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին։ Թուրքիան դասվում է նաև այն փոքրաթիվ երկրների շարքին, որոնք 2008-2009 թ. ճգնաժամից քիչ են տուժել, ինչը խոսում է  նրա մասին, որ տնտեսական աճը կախված չէ մեկ ոլորտի, մեկ ճյուղի զարգացումից: Այստեղ զարգացած է տեքստիլ, սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն:

Եվ ահա մյուս հետևությունը՝ թուրքական բիզնեսը կխեղդի տեղականին: Այսօր շատ ենք լսում, թե չպետք է գնել թուրքական ապրանք, որից գոյացած գումարով զինվում է մեր հակառակորդի բանակը, որ այդ գումարով  գնված փամփուշտը խլում է մեր զինվորների կյանքերը: Համաձայն եմ, բայց չենք կարող անտեսել այն  հակառակ կարծիքները, որ շատ դեպքերում թուրքական ապրանքն էժան է: Ես այս մասին մեկ անգամ չէ, որ լսել եմ: Մենք չենք կարող նման էժանություն ապահովել, քանի որ չունենք զարգացած տեքստիլ արդյունաբերություն, ինչպես Թուրքիան, ուրեմն՝ նախ այս մասին պիտի մտածել, ինչու չէ նաև գյուղատնտեսության. այսօր օրինակ ծիրանի երկիր համարվող Հայաստան Թուրքիայից ծիրան է ներկվում: Միայն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 454 կգ ծիրան: Այս ցանկը կարելի է շարունակել: Ի դեպ, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ 2012-ին Թուրքիա-Հայաստան ապրանքաշրջանառությունը կազմել է 300 մլն դոլար։ 2013-ին ցուցանիշը գրեթե նույնությամբ պահպանվել է:

Հիմա ևս մեկ հարց՝ ո՞ւմ է ամենից շատ ձեռնտու հայ-թուրքական սահմանի բացումը: Որոշ փորձագետների կարծիքով՝ առաջին հերթին  Թուրքիային, քանի որ Թուրքիայի պարագայում հիմնականում զարգացած է երկրի արևմտյան հատվածը, իսկ արևելյան մարզերը թույլ զարգացած են և այս շրջաների կենսամակարդակի ցուցանիշը մոտ 10-ն անգամ զիջում է Ստամբուլին հարակից մարզերի միևնույն ցուցանիշին։ Ուրիշներն էլ գտնում են, որ սահմանի բացումից մեծապես կշահի Հայաստանը, քանի որ մենք կսկսենք շնչել, կմեծանա մեր երկրի տնտեսական գործոն լինելու հնարավորությունը և ինչու չէ նմանապես կնպաստի սահմանային շրջանների զարգացմանը: Գուցե, բայց այստեղ գալիս ենք նախկին մտքին՝ նախ պետք է ամրանանք ժողովրդագրական և անվտանգության առումով: Այսինքն՝ պետք է կանխենք արտագաղթը և ներգաղթի հստակ ծրագիր մշակենք և գործի դնենք:  Ավելին, եթե վերադառնանք տնտեսական հաշվարկներին, ապա չպետք է մոռանանք, որ 5 տարի առաջ մենք կանգնած չէինք ԵՏՄ-ին անդամակցման առջև, այսօր նախկին և գործող ռիսկերին նաև սա է ավելացել: Այնպես որ ինչպես ասում են՝  յոթ չափիր, մեկ կտրիր:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում