Ադրբեջանցի իրավապաշտպանը հրաժարվել է երկրի քաղաքացիությունից

Ադրբեջանցի իրավապաշտպանը հրաժարվել է երկրի քաղաքացիությունից

Ադրբեջանի «Օգնություն ժողովրդավարության պաշտպանությանը» հասարակական միության նախագահ Վիդադի Իսգենդերլին իր եւ իր ընտանիքի դեմ ահաբեկչական սպառնալիքների եւ ապօրինի կերպով ձերբակալվելու զգուշացման հետ կապված հոկտեմբերի 8-ին բողոք-հայտարարություն է հրապարակել, որում հրաժարվել է երկրի քաղաքացիությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Որպես երկրում մարդու իրավունքները պաշտպանող հեղինակավոր կազմակերպություն հայտնում ենք, որ կազմակերպության նախագահ, իրավապաշտպան, նախկին խղճի բանտարկյալ Վիդադի Իսգենդերլիի եւ նրա ընտանիքի դեմ ահաբեկչության փորձի եւ ահաբեկչությամբ սպառնալու` օրեցօր իրականացվող գործողությունները մնում են անժխտելի փաստ: Երկրում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ սիստեմատիկ կերպով պայքարող իրավապաշտպան կազմակերպության նախագահը զրկված է իր դեմ մահափորձ եւ ահաբեկչություն իրագործվելու սպառնալիքներից պաշտպանվելու համար պետության եւ իրավապահ մարմինների օգնությունից: Եթե պետությունն ու նրա ուժային կառույցները ժամանակին կանխարգելիչ միջոցներ չձեռնարկեն, ահաբկեչությունը կարող է կատարվել ամեն օր»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Վիդադի Իսգենդելրիի պաշտոնական դիմումից հետո Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը 5 ամիս հետաքննություն անցկացնելու արդյունքում բացահայտել է նրա դեմ մահափորձի եւ ահաբեկչության սպառնալիքներ տեղացողներին ու նրանց պատվիրատուներին, սակայն, այդուհանդերձ, ՆԳՆ կողմից քրեական գործ սկսելն ապօրինի կերպով մերժվել է: Դրա հետ կապված` Վ. Իսգենդերլին 2014 թվականի հոկտեմբերի 2-ին Internet TV-ի միջոցով դիմել է ադրբեջանական ժողովրդին ու միջազգային հանրությանը, որը հրապարակվել է Youtube-ում: Դրանից հետո պետական կառույցները կազմակերպությանը հայտնել են, որ Վ. Իսգենդերլիին ձերբակալելու են: Կազմակերպությունը տեղեկություններ է ստացել նաեւ վարձու մարդասպանների կողմից նրա ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ ահաբեկչություն իրագործվելու մասին:

Նկատի ունենալով այս բոլորը, հայտարարության մեջ, դիմելով աշխարհի առաջատար երկրներին ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վ. Իսգենդերլին ԱՄՆ-ից պաշտոնապես ընտանիքով քաղաքական ապաստան է խնդրել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից խնդրել եւ պահանջել է ապահովել իր եւ իր ընտանիքի անվտանգությունը: Հաշվի առնելով բոլոր այդ անարդարությունները, Վ. Իսգենդերլին ընտանիքով հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից` նշելով, որ մինչ երկիրը լքելը, իր եւ իր ընտանիքի անվտանգության ապահովության համար պատասխանատվությունն ընկնում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում