Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել են Էդ Ռոյսի և Ռոբերտ Մենենդեսի հետ

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել են Էդ Ռոյսի և Ռոբերտ Մենենդեսի հետ

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչներն Իրաքի և Սիրիայի վերջին զարգացումների շուրջ քննարկումներ են ունեցել ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնախմբի անդամները սենատորի և կոնգրեսականի հետ ունեցած առանձին հանդիպումների ժամանակ քննարկել են Սիրիայում և Իրաքում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ԻԼԻՊ-ի բռնությունների, ինչպես նաև տարածաշրջանում հայկական և այլ վտանգված փոքրամասնությունների դրության հարցը:

«Մենք շնորհակալ ենք Մենենդեսին և Ռոյսին իրենց տեսակետերը մեզ հետ կիսելու, սկզբունքային և գործնական լուծումներ գտնելու համար մեզ հետ աշխատելու և, ամենակարևորը, ԱՄՆ հայ համայնքի համար հրատապ նշանակություն ունեցող խնդիրների շուրջ իրենց աշխատանքի համար»,- հանդիպումից հետո նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր խորհրդի անդամ Րաֆֆի Համփարյանը:

Երկու հանդիպումների ժամանակ էլ քննարկված առանցքային հարցերի շարքում են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սպիտակ տան կողմից Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցելուն վերջ դնելու անհրաժեշտությունը, թուրքական պետության կողմից քրիստոնեական փոքրմասնություններին պատկանող եկեղեցական գույքի վերադարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում