Էրեբունի-Երևանը 2796 տարեկան է

Էրեբունի-Երևանը 2796 տարեկան է

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտյան՝ Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղի ունեցած ջրցան մեքենաների ավանդական դարձած տոնական շքերթով: Փողոցները մաքրվել ու լվացվել են հատուկ զարդարված ջրցան մեքենաներով: Օրվա տրամադրությանը համահունչ՝ մեքենաների տոնական երթը քաղաքի կենտրոնական փողոցներում յուրօրինակ շքերթի է վերածվել, որով էլ, ըստ էության տրվել է «Երևան, իմ տուն» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2796» հիմնական տոնակատարության մեկնարկը։ Փողոցների լվացման աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա։

Տոնական օրվա առթիվ Երևանի բնակիչներին շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինիս ուղերձում նշված է.

«ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ,

Այսօր նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի, մեր մեծ տան՝ Երևանի 2796-ամյակը:
Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իրո՛ք սիրում ու գնահատում է մեր հինավուրց, բայցև միշտ երիտասարդ քաղաքը: Եվ որ ամենակարևորն է՝ այդ սերն իսկապես անկեղծ է ու անշահախնդիր, ինչն իր հերթին նպաստում է, որ ամեն անգամ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մենք վերածենք իսկական տոնախմբության:

2796-ամյա մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ իրո՛ք վաստակել է տոնախմբելու իրավունքը, քանզի երևանցին՝ մեծ թե փոքր, իր հոգատար վերաբերմունքով ու սրտացավությամբ, մշտապես մասնակից է մեր սիրելի քաղաքի շենացման, ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու գործին:

«Էրեբունի-Երևանը» նաև աշխարհասփյուռ հայերի տոնն է, քանզի որպես համայն հայության մայրաքաղաք՝ Երևանը նաև նրանցից յուրաքանչյուրի մեծ տունն է: Նաև համոզված եմ, որ «Էրեբունի-Երևանը» յուրօրինակ մի հնարավորություն է աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին թեկուզ մտովի բերելու հարազատ տուն՝ Երևան, տեսնելու տարեցտարի ծաղկող, շենացող, ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձող մեր քաղաքը: Եվ ուրեմն եկեք այսօր մեր սիրելի քաղաքն աշխարհին ներկայացնելով «Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո՝ մեկ անգամ ևս փաստենք, որ արդեն ունեցած մեր ձեռքբերումներին զուգընթաց, մենք հաստատակամ ենք մեր մեծ տունը ավելի լավը դարձնելու հարցում:

Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ։ Միասին ուրախանանք ու միշտ հիշելով, որ Երևանը մեր տունն է, տանտիրոջ պես վերաբերվենք նրան: Իսկ այսօր բազմապատկենք մեր սերը մեր քաղաքի նկատմամբ ու այդ ջերմ սիրով առլեցուն ասենք՝ շնորհավոր տո՛նդ, իմ տո՛ւն Երևան»:

Ավանդույթի համաձայն՝ Երևանի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ լվացվում ու մաքրվում են նաև մայրաքաղաքի արձանները: Այդ գործին, ինչպես միշտ, ակտիվորեն մասնակցել են երևանյան կրթօջախների սաներն ու երիտասարդ կամավորները:

Նրանց շրջիկ խմբերը ժամը 11:00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները: Այս աշխատանքներում տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի, Վարդան Մամիկոնյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Թամանյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Բաղրամյանի և այլ մեծերի հուշարձանները լվանալուն զուգահեռ նմանատիպ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հատուկ տեխնիկայի օգնությամբ պատշաճ տեսքի են բերվել նաև Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Գայի և Հայկ Նահապետի բարձրադիր արձանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում