ԵԱՀԿ-ի առաքելությունն Ուկրաինա Է ժամանել երկու անօդաչուներով
Նմանատիպ
ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տրամադրության տակ ներկայում կա միայն երկու անօդաչու թռչող սարք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, «Ինտեր»-ի եթերում հայտնել է Ուկրաինայում մոնիթորինգային առաքելության խոսնակ Մայքլ Բոցյուրկիվը:
«Առայժմ մենք ունենք միայն երկու անօդաչու: Սպասվում է եւս երկուսի ժամանումը: Առաջիկա օրերին մենք դրանք գործի կդնենք Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- նշել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը համաձայնել է Ուկրաինայում աշխատող դիտորդների թվաքանակը 1500-ի հացնելու իր առաջարկին, նշելով, որ դա ԵԱՀԿ-ին թույլ կտա «կատարել հրադադարի նկատմամբ հսկողություն իրականացնելու իր պարտավորությունները»:
Պորոշենկոն հույս է հայտնել, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի Դոնբասում հասնել կրակի լիակատար դադարեցման: «Մենք ակնկալում ենք արդեն առաջիկա օրերին հասնել լիակատար հրադադարի»,- ասել է պետության ղեկավարն ուկրաինացիներին հղած իր ուղերձում:
Նա նշել է, որ դրանից հետո կսկսվի բուֆերային գոտու ստեղծումը, երբ երկու կողմերը ծանր սպառազինությունները հետ կքաշեն առնվազն 15 կիլոմետրով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում