Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծը կներակայացվի աշնանը

Ֆրանսիայի կառավարությունը գալիք աշնանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կպատրաստի: Այս մասին ֆրանսիական «AFP» գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի (CCAF) համանախագահ Ֆրանկ Փափազյանը:

Նշվում է, որ Ֆ.Փափազյանը հուլիսի 9-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ՝ «քննարկելու համար նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ սպասվող հանդիպման օրակարգը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը, որը կառավարության կողմից կմշակվի և կներկայացվի աշնանը»:

Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների ղեկավարների և երկրի նախագահ Ֆ.Օլանդի միջև հանդիպումը նախատեսվում է հուլիսի 16-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

Ֆրանսիական գործակալությունը նաև տեղեկացնում է, որ սենատոր Ֆիլիպ Կալտենբախը հայտնել է, որ ինքը Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի նախագահներին դիմել է՝ խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ աշխատանքային հանձնաժողով ստեղծելու մասին խնդրանքով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը վերջերս Թուրքիայի իր գործընկեր Դավութօղլուի հետ զրույցում ասել էր, թե Սահմանադիր խորհուրդը դարձյալ կարող է մերժել նման օրինագիծը: Սակայն Ֆրանսիայի նախագահական նստավայրից հայտարարել են, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում