Իրան-Արևմուտք երկխոսությունն այսօր կշարունակվի

Իրան-Արևմուտք երկխոսությունն այսօր կշարունակվի

Հոկտեմբերի 14-ին և 15-ին Վիեննայում տեղի կունենա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի նախարարական հանդիպումը, որը կոչված է առաջ մղել իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) և Թեհրանի բանակցությունները:

«Հոկտեմբերի 14-ին հանդիպում կկայանա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի գլխավոր բանակցորդների տեղակալների (քաղաքական տնօրենների) մակարդակով, որպեսզի նախապատրաստվեն հաջորդ օրվա բարձր մակարդակի շփումները»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մենը: «Տեղի կունենա ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի երկկողմ հանդիպումը, որին չորեքշաբթի կհաջորդի եռակողմ հանդիպումը»,- հավելել է նա:

Պետդեպարտամենտում հայտնել են, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վիեննա կժամանի հոկտեմբերի 15-ի առավոտյան: Հոկտեմբերի 14-ի հանդիպմանը ԱՄՆ-ի կողմից կմասնակցեն պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բյոռնսը, պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և վարչակազմի ավագ խորհրդական Ջեյք Սալիվանը: «Նրանք երկկողմ հանդիպում կանցկացնեն Իրանի հետ»,- հաղորդել է պետդեպարտամենտը: Այնուհետեւ նրանց կմիանա ԵՄ-ի պատվիրակությունը՝ Էշթոնի տեղակալ Հելգա Շմիդի գլխավորությամբ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հոկտեմբերի 13-ին ազգին հղած հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում փոխզիջում ձեռք կբերվի:

«Իհարկե, դեռևս տարաձայնություններ կան որոշ մանրամասների շուրջ և անկարելի է ստույգ կանխատեսել, թե երբ վերջապես ձեռք կբերվի համաձայնությունը,- ասել է Ռոուհանին:- Այդուամենայնիվ, կասկած չկա, որ Իրանի վերադարձը նախկին դիրքորոշմանը, որը նա ուներ տակավին մեկ տարի առաջ, այլևս հնարավոր չէ»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում