Իրաքի Հիթ քաղաքից մոտ 180 հազար բնակիչներ են գաղթել

Իրաքի Հիթ քաղաքից մոտ 180 հազար բնակիչներ են գաղթել

 ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իրաքի Անբար մարզի Հիթ քաղաքի մոտ 30 հազար ընտանիքներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 180 հազար մարդ, գաղթել են իրենց տներից` քաղաքում և մերձակայքում տեղի ունեցող բախումների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, գաղթն սկսվել է այն բանից հետո, երբ Հիթ քաղաքը հայտնվել է «Իսլամական պետություն» կազմակերպության վերահսկողության տակ:

Իրաքյան բանակից տեղեկություններ են ստացվել, որ նախօրեին կազմակերպությունը հարձակվել է Հիթ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակետի վրա՝ օգտագործելով տանկեր և զրահամեքենաներ: Բանակի ներկայացուցիչների խոսքով` քաղաքն այժմ  100 տոկոսով գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ:

Մյուս կողմից` Իրաքի մայրաքաղաք Բաղդադը ցնցվել է 3 պայթյուններից: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ 2 ականապատ մեքենաները պայթել են Քազմիա թաղամասում, մյուսը` Սադր քաղաքում: Պայթյունների հետևանքով 22 մարդ է զոհվել, վիրավորվել է ևս 31-ը:

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկրի հսկայական տարածքներ ԻՊ-ի վերահսկողության տակ են: Իրաքյան և քրդական ուժերը փորձում են ազատագրել ահաբեկիչների ձեռքում հայտնված տարածքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում