Այն ալ Արաբ քաղաքում բախումները շարունակվում են արևելյան և հարավ-արևմտյան ճակատներում

Այն ալ Արաբ քաղաքում բախումները շարունակվում են արևելյան և հարավ-արևմտյան ճակատներում

Քրդական աղբյուրները տեղեկացրել են, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքում բախումները շարունակվում են 2 ճակատով՝ արևելյան և հարավ-արևմտյան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետությունը» հոկտեմբերի 14-ին ներթափանցել է քաղաքի կենտրոնից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող հատվածը, սակայն հայտնվել է քրդական ուժերի շրջափակման մեջ: Կողմերի միջև այժմ թեժ մարտեր են ընթանում: Աղբյուրը տեղեկացրել է, որ քրդերը վերականգնել են իրենց դիրքերը քաղաքի հարավային կողմում: ԻՊ-ը հոկտեմբերի 13-ին 6 մեքենա է պայթեցրել, պայթյուններից մեկի հետևանքով ամբողջովին ավերվել է քաղաքի հիվանդանոցը:

Միջազգային դաշինքի օդանավերը գիշերվանից ռմբակոծում են ահաբեկիչների դիրքերը արևելյան, հարավ-արևելյան և հարավ-արևմտյան կողմերում:

Fox News հեռուստաընկերության կայքի համաձայն՝ ծայրահեղական կազմակերպությունը վերահսկում է Այն ալ Արաբ քաղաքի գրեթե 50 տոկոսը: Իսկ CNN-ի տեղեկացմամբ` քաղաքում վերջին ժամերի ընթացքում մի քանի ուժգին պայթյուններ են որոտացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում