Գոյության անէացման ճանապարհին․ Արցախի ավերված եկեղեցիները

Գոյության անէացման ճանապարհին․ Արցախի ավերված եկեղեցիները

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում կան պատմամշակութային հարյուրավոր կոթողներ: Այդ տարածքներում Բաքվի ռեժիմը վարում է հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն։

Համացանցում պարբերաբար տարածվում են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես է ադրբեջանական կողմը վանդալիզմի ենթարկում հոգևոր-մշակութային կառույցները։ Գլխավորապես հարվածի տակ են հոգևոր կառույցները, քանի որ դրանք Արցախում հայ ժողովրդի պատմական գոյության ապացույցն են։

2021 թ. սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դատապարտեց պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումը և աղվանականացումը: Մշակութային կոթողները պաշտպանելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են կատարել նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ:

Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխություններն արձանագրելու համար 2021թ․ ստեղծվել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագիրը:

Բացի այդ, արբանյակային լուսանկարների միջոցով ուսումնասիրություններ է կատարում և Արցախում հուշարձանների ոչնչացման վերաբերյալ ահազանգեր է անում Caucasus Heritage Watch (Կովկասի ժառանգության մշտադիտարկում) հարթակը:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

Կառուցվել է 1868-1887 թվականներին։

Ռազմական գործողությունների ընթացքում արդեն իսկ տուժած եկեղեցին Շուշիի օկուպացումից անմիջապես հետո ենթարկվել էր պղծման։ Ադրբեջանցի զինվորականները գրառումներ էին կատարել եկեղեցու պատերի վրա: Պատերազմից ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները «վերականգնում են» եկեղեցին, իսկ եկեղեցու գմբեթը հեռացրել են:

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին պղծվել է․ հեռացվել են եկեղեցու գմբեթները, եկեղեցին վերածվում է մզկիթի

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ վերանորոգումը վերադարձնելու է եկեղեցուն «սկզբնական» տեսքը՝ նկատի ունենալով 1920 թվականից հետո Ղազանչեցոցի վիճակը, երբ գմբեթը հեռացված էր: Սակայն այդ պնդումը կեղծ է, քանի որ մինչև 1920 թվականը եկեղեցին ունեցել է գմբեթ:

Այսօր եկեղեցում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ եկեղեցին մզկիթի վերածելու համար։

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի

Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը օրեր առաջ ահազանգել է հայկական եկեղեցին Ադրբեջանի կողմից մզկիթի վերածելու մասին՝ Ադրբեջանի արարքը որակելով որպես պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն ու կեղծում։

«Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի»,-  նշավել է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի / Կանաչ ժամ

Կանաչ ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի․ կառուցվել է 1818 թվականին։ Այն ավելի հին է, քան Ղազանչեցոց եկեղեցին:

2020 թ. նոյեմբերին FIP.am-ը պարզել էր, որ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված է:

2021 թվականին Google Earth-ի արբանյակային լուսանկարները ցույց էին տվել, որ եկեղեցու վերին հատվածն ամբողջովին հարթեցված է՝ թե՛ զանգակատունը, թե՛ գմբեթը վերացված են:

Կատարոյի վանք

Սրբավայրի վաղ կառույցները պարբերաբար ավերվել են, ներկա եկեղեցին կառուցվել է 1870 թվականին:

Կատարոյի վանքը 44-օրյա պատերազմից հետո մնացել էր հայկական ուժերի վերահսկողության ներքո: Սակայն դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զորքերը, խախտելով նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունը, հարձակում սկսեցին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Գործողության հետևանքով գյուղերը, ինչպես նաև Դիզափայտ լեռը օկուպացվեցին:

MONUMENT WATCH-ը հայտնում է, որ 2021 թ. մարտի 29-ին տեղադրվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ եկեղեցին օգտագործվում է ռազմական նպատակով. ադրբեջանցի զինվորներն ապրում են հենց եկեղեցու ներսում:

Մեխակավանի եկեղեցի

2021 թ. մարտին BBC-ին հայտնեց, որ ադրբեջանցիները հիմնահատակ վերացրել են Մեխակավան բնակավայրում Զորավոր Սբ․ Աստվածածին քրիստոնեական եկեղեցին:

Ծակուռու եկեղեցի

Ծակուռու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում և  կազմել է նախկին Ծաղկեվանք վանական համալիրի մաս:

2021 թ. մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, թե իբր Ծակուռու Սուրբ Աստվածածին եկեղեցին աղվանական է:

Իր խոսքի մեջ Ի․ Ալիևն ասել է․ «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել…»։

Այս խոսքերից պարզ է դառնում, որ կոչնչացվեն հայակականության մասին բոլոր հուշումները։

Դադիվանքի վանական համալիր

Նոյեմբերի 10-ից ողջ Շահումյանի շրջանը (Ադրբեջանի վարչատարածքային բաժանմամբ՝ Քելբաջար) անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, այդ թվում՝ Դադիվանքի վանական համալիրը:

Սկզբնական շրջանում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ թույլատրվում էր հայ ուխտավորների և հոգևորականների այցը վանական համալիր: Սակայն հուլիսին թե՛ Հայ-առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, թե՛ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնեցին, որ Ադրբեջանն արդեն ամիսներ շարունակ արգելում է հայ ուխտավորների և հոգևորականների մուտքը վանական համալիր, սակայն  թույլատրվում է ուդիների մուտքը եկեղեցի:

Սեպտեմբերին հայտնվեցին տեղեկություններ, որ Դադիվանքում ուդիները պատարագ են մատուցել՝ ի հիշատակ պատերազմի ընթացքում սպանված ադրբեջանցի զինվորների:

Ադրբեջանցիները ներկայացնում են Դադիվանքը որպես միջնադարյան աղվանական ճարտարապետական կոթող: Ըստ նրանց՝ հայկական տարերը եկեղեցում ավելացվել են 1993 թվականից հետո, երբ ողջ շրջանն անցավ հայկական վերահսկողության ներքո:

Թեև 44-օրյա պատերազմից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բազմիցս դատապարտել է պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ վնասումը, սակայն դա ոչ մի կերպ չի խանգարում Ադրբեջանի իշխանություններին իրենց ծրագիրն իրականացնելու։

Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում