Այս օրը պատմության մեջ․ Հունիսի 23
Նմանատիպ
Պատմության մեջ այս օրը՝ հունիսի 23-ին, տեղի են ունեցել մի շարք հիշարժան իրադարձություններ։ Times-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը, որոնք կարող են հետաքրքրել ընթերցողին։
Բրեքսիթ
2016թ-ի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեով բնակչության 51․9%-ը կողմ քվեարկեց Եվրամիությունը լքելու նախաձեռնությանը։ British (բրիտանական) և Exit (ելք) բառերից կազմված արտահայտությունը՝ Բրեքսիթը, նշանավորում է այն գործընթացը, որի արդյունքում Միացյալ Թագավորությունը պաշտոնապես դուրս եկավ Եվրոպական Միության կազմից։
Սա նորագույն պատմության քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկն է, քանի որ ԵՄ-ի ստեղծման պահից ի վեր Մեծ Բրիտանիան միակ պետությունն է, որը 1973թ-ին անդամակցելով այս կառույցին, 2016թ-ին լքեց այն։
Այն խոշոր քաղաքական և տնտեսական ցնցում էր թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Եվրամիության համար։
Զինեդին Զիդանի ծննդյան 51 ամյակը
«Ես լաց էի լինում, որովհետև չունեի ֆուտբոլային կոշիկներ: Լաց էի լինում այնքան ժամանակ, մինչև հանդիպեցի մարդու, ով չուներ ոտքեր»․ Զինեդին Զիդան
Դժվար է գտնել մարդու, ով երբևէ չի լսել Զիդանի անունը։ France Football-ի կողմից նա 2016թ-ին ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Ֆուտբոլասեր հանրության ծանրակշիռ մաս նրան է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստ։ Զիզուն այս մարզաձևում նվաճել է բոլոր հնարավոր թիմային և անհատական մրցանակները, իսկ այժմ, արդեն որպես մարզիչ, հարսցրել է նվաճել 10-ից ավել բարձրագույն տիտղոսներ։
Այսօր լեգենդար ֆուտբոլիստը նշում է ծննդյան 51-ամյակը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման տարելիցը
Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգանն։ Այն տեղծվել է 1894 թվականի հունիսի 23-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ։
ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների եւ այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։
ՄՕԿ նախագահն այժմ Թոմաս Բախն է:
Գեղանկարիչ Կառլ Բրյուլովի մահվան տարելիցը
Շատերն են տեսել «Պոմպեյի վերջին օրը» ահասարսուռ կտավը․ այն կարելի է գտնել բազմաթիվ մարդկանց բնակարանների պատից կախ, սակայն քչերն են ճանաչում նրա հեղինակին։ Կառլ Բրյուլովը ռուս նկարիչ է, ով իր կյանքն ապրել է հայրենիքում և Եվրոպական երկրներում։ Նրա ամենահայտնի կտավում՝ Վեզուվ հրաբուխի ժայթքումից կործանված Պոմպեյ քաղաքի վերջին օրը պատկերող նկարի ներքևի ձախ անկյունում Բրյուլովը պատկերել է ինքն իրեն։
Նա կյանքից հեռացել է 1852թ-ի հունիսի 23-ին։
Անտարկտիկայի համաձայնագիրը
Անտարկտիկայի համաձայնագիր միջազգային համաձայնագիր է, որը նախատեսում է Անտարկտիդա մայրցամաքի և դրա հարակից ծովային տարածքների ապառազմականացումը և միջուկային զենքի օգտագործման ու փորձարկման արգելքը։ Համաձայնագիրը կնքվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1961 թվականի հունիսի 23-ին՝ 12 նախնական մասնակից երկրների ստորագրման արդյունքում։
Համաձայնագրի գլխավոր նպատակը Անտարկտիկայի ողջ մարդկության շահերից բխող գործողությունների համար օգտագործելն է։ Բացի այդ, համաձայնագիրը երաշխավորում է գիտական հետազոտությունների ազատությունը և կարևորում միջազգային համագործակցության ապահովումը։ Արգելվում են ցանկացած տիպի միջուկային պայթյունների իրականացումը և ռադիոակտիվ նյութերի թաղումը մայրցամաքի տարածքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում