«Հարավկորեական հրաշքը»․ Ինչպես ստեղծել ոչնչից ամեն ինչ
Նմանատիպ
1950 թվականի այս օրը՝ հունիսի 25-ին, Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1945 թվականը, Կորեական թերակղզին Ճապոնիայի տիրապետության տակ էր։ Սակայն Ճապոնիայի պարտությունից հետո ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համաձայնագիր ստորագրեցին կորեական տարածքի միասնական կառավարման մասին, ըստ որի, ԽՍՀՄ-ը օկուպացրեց Կորեայի հյուսիսային հատվածը, իսկ ԱՄՆ-ն՝ հարավային։ Երկու օկուպացված տարածքների սահմանը անցնում էր 38-րդ զուգահեռականով։
Մի քանի տարի շարունակ կրկնվող ռազմական բախումներից հետո Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն) 1950 թվականին ներխուժեց Հարավային Կորեա, որպեսզի կոմունիստական կարգեր հաստատի թերակղզու այդ հատվածում։
1950-1953 թվականներին տեղի ունեցած Կորեական պատերազմն ավարտվեց միայն ՄԱԿ-ի միջամտությունից հետո։ Կնքվեց հաշտության համաձայնագիր և երկու Կորեաները բաժանվեցին Կորեական ապառազմականացված գոտով (ԿԱԳ), ինչն անփոփոխ է մինչ այսօր։
Ինչպիսի՞նն էր իրավիճակը Կորեական թերակղզու երկու հատվածներում
Այս բաժանումը լրջագույն հետևանքներ ունեցավ երկու պետությունների հետագա զարգացման վրա։ Որքան էլ զարմանալի է, բայց հաշտությունից հետո Հարավային Կորեան տնտեսությամբ, արդյունաբերությամբ ու տեխնոլոգիական զարգացմամբ զիջում էր Հյուսիսային Կորեային։
Հյուսիսն ու հարավը գրեթե ավերված էին, սպանվել էր մոտ 3մլն խաղաղ բնակիչ և զինվոր, իսկ Հարավային մայրաքաղաք Սեուլը ավերակների մեջ էր։ Մի քանի միլիոն հյուսիսկորեացի փախստականներ ապաստանել էին հարավում։ Հարավային Կորեայից ևս հազարավոր մարդիկ փախել էին հյուսիս։
Թերակղզու երկու հատվածներում խորը ճգնաժամ էր։
Կորեական պատերազմը հաղթանակի դափնիներ չբերեց ո՛չ ԿԺԴՀ-ին, ո՛չ Հարավային Կորեային։ 1953 թվականի հուլիսի 27-ի զինադադարի պայմանագիրը չլուծեց կորեական միասնական պետության ստեղծման խնդիրը։ Ավելին, Կորեական թերակղզին անկայունության աղբյուր էր դարձել Հյուսիսարևելյան Ասիայում, իսկ ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանում միջուկային զինանոցի հայտնվելը համաշխարհային վտանգ էր առաջացրել։
Աշխարհում ստեղծվել էր նոր իրավիճակ․ Կորեական թերակղզին դարձել էր երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի առճակատման վայր։
Պատերազմի մեկ այլ հետևանք էր Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի զարգացումը հակառակ ուղղություններով։ Առաջինը հզոր առաջընթաց գրանցեց տնտեսության մեջ, ռազմական ոլորտում՝ շնորհիվ ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ ամուր հարաբերությունների։
Երկրորդը ԽՍՀՄ-ի և ՉԺՀ-ի հետ հարաբերություններ հաստատեց բարեկամության, համագործակցության և փոխօգնության երկկողմ պայմանագրերի հիման վրա։ Բայց ԽՍՀՄ-ի փլուզման և ՉԺՀ-ի արտաքին քաղաքականության դիրքորոշման փոփոխության արդյունքում, ԿԺԴՀ-ի աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն փոխվեց:
Նվազեց Մոսկվայի և Պեկինի կողմից Փհենյանին տրամադրվող տնտեսական օգնության և ռազմական աջակցության մակարդակը։ Հյուսիսային Կորեան բռնեց երկրի գոյությունն ապահովելու համար սեփական միջոցների ստեղծման ճանապարհը՝ ներառյալ միջուկային զենքի մշակումը։
Ինչպե՞ս արարվեց «հարավկորեական հրաշքը»
Հարավկորեական իշխանությունների առջև դրված էր խնդիր՝ «ստեղծել ամեն ինչ ոչնչից»։ 1953-1962թթ․ ժամանակահատվածում երկրի ներմուծումների ու ներդրումների 80%-ը ամերիկյան էին։ Ուստի իշխանությունները կիրառեցին մի բանաձև, որը դարձավ «հարավկորեական հրաշքի» սկիզբը։ Դա էր՝ «բռնապետություն + էժան աշխատուժ + օտարերկրյա կապիտալ»։
Շեշտը դրվեց թեթև և ծանր արդյունաբերության, նավաշինության, տեքստիլ արտադրության, էլեկտրոնիկայի ստեղծման ու դրանց արտահանման վրա։ Երկրին անհրաժեշտ էին այնպիսի ապրանքներ, որոնք ամերիկյան ու ճապոնական շուկաներում պահանջարկ կունենային։
Անշուշտ, ամբողջի համագումարը հանգեցրեց տնտեսական աճի, որը Հարավային Կորեան զարգացող երկրից վերածեց զարգացած երկրի։ Այսօր Հարավային Կորեան տնտեսական, տեխնոլոգիական, արդյունաբերական, մշակութային խոշոր կենտրոն է, այն աշխարհի 12-րդ խոշորագույն տնտեսությունն է։ Ընդամենը 60 տարում Հարավային Կորեան որբերով ու սովալլուկ մանուկներով լեցուն երկրից վերածվեց տնտեսական հսկայի։
Հարավկորեական մոդելը կարող է միշտ ոգեշնչող լինել, սակայն բոլոր հասարակությունները չէ, որ կարող են գրանցել նույն արդյունքը։
Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում