5 ֆիլմ ամառային արձակուրդների մասին
Նմանատիպ
Ամառային արձակուրդները լավագույն ժամանակահատվածն են ճամփորդելու, թարմ ուժերով և էներգիայով զինվելու և աշխատանքային նոր շրջափուլին տրամադրվելու համար։ Եթե դեռ չեք պլանավորել արձակուրդը, Times-ը առաջարկում է 5 ֆիլմ, որոնք կմոտիվացեն հավաքել իրերը և մեկնել արկածների հետևից՝ դեպի ծով, արև, սարեր և անմոռանալի հանգիստ։
Roman Holiday/ Հռոմեական արձակուրդներ
«Ռոմանտիկա ռոմանտիկ Հռոմում»․ 1953 թվականին ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի կատակերգական ֆիլմը պատմում է արքայադուստր Աննայի մասին, որին մարմնավորում է Օդրի Հեփբերնը։ Արքայադուստրը պաշտոնական այցով մեկնում է Հռոմ, բայց չդիմանալով բարձրաստիճան անձանց շրջապատում լարված մթնոլորտին՝ գիշերով փախչում է ու սկսում զբոսնել Հռոմում։ Զբոսնելիս Աննան հոգնում է և քնում հենց ճանապարհի մայթին։ Նրան գտնում է ամերիկացի լրագրող Ջո Բրեդլին, որը աշխատանքից ազատվելու լուրն իմանալուց հետո վերադառնում էր գինետնից։ Կիսաքուն վիճակում Ջոն Աննային տանում իր բնակարան՝ չկասկածելով անգամ, որ Աննան արքայադուստ է։ Այդտեղից էլ սկսվում են նրանց զավեշտալի արկածները Հռոմում։
Odio l’estate/Իտալական արձակուրդներ
2020-ին նկարահանված իտալական կոմեդիան պատմում է, թե ինչպես 3 ընտանիք որոշում են ամառային արձակուրդն անցկացնել Իտալիայի հարավում։ Առանց միմյանց ճանաչելու, նրանք ընտրում են նույն հանգստավայրը և սխալմամբ գործակալությունները վարձակալում են նույն տունը: Չնայած տարբեր սոցիալական վիճակին, բնավորություններին, չար երեխաներին և անտանելի շանը, նրանք ստիպված համակերպվում են և բնակվում մեկ հարկի տակ։ Եվ երկար սպասված արձակուրդը վերածվում է իսկական քվեստի։
Les vacances de Monsieur Hulot/Պարոն Յուլոյի արձակուրդները
1953-ին նկարահաված կոմեդիան պատմում է պարոն Յուլոյի մասին, որը իր մեքենայով որոշում է մեկնել ծով հանգստանալու։ Բայց վայրը, ուր մեկնում էր, միանգամից կորցնում է անդորրը, քանի որ պարոն Յուլոն այտեղ իսկական իրարանցում ու խառնաշփոթ է ստեղծում։
Հին ֆիլմերում կա յուրահատուկ և թաքնված հմայք, միամտություն և մեծ բարություն. պարոն Յուլոյի արկածները հենց այդպիսին են՝ կատակերգություն մեղմ ժպիտով։
Արձակուրդ փոխանակումով/The Holiday
Ռեժիսոր Նենսի Մեյերսի ամերիկյան ռոմանտիկ կատակերգությունը կինոքննադատները համարել են անկանխատեսելի սյուժեով և լուծումներով հաջողած ֆիլմ։ Գլխավոր դերերը կատարել են Քեյթ Ուինսլեթը, Քեմերոն Դիասը, Ջուդ Լոուն և Ջեք Բլեքը։ Ֆիլմի առանցքում երկու կանանց պատմությունն է։ Լոնդոնի «Daily Telegraph»-ում հայտնի սյունակի հեղինակ Այրիս Սիմփքինսը ապրում է Անգլիայում, սիրահարված մի տղամարդու, որն օգտագործում է իրեն։ Նրանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Կալիֆոռնիայում, ապրում է Ամանդա Վուդսը, որը գովազդային գործակալության սեփականատեր է, որն էլ իմանում է, որ սիրելին դավաճանում է իրեն։ Միմյանց անծանոթ երկու կանայք, որոնք ապրում են միմյանցից 9000կմ հեռավորության վրա, ծանոթանում են համացանցում և որոշում արձակուրդի ընթացքում փոխանակվել բնակարաններով։ Այրիսը տեղափոխվում է արևոտ Կալիֆոռնիա՝ Ամանդայի տուն, իսկ Ամանդան մեկնում է ձյունածածկ անգլիական գավառ։
Փոքրիկ Նիկոլյայի արձակուրդները/ Les vacances du petit Nicolas
Ֆրանսիական ընտանեկան կոմեդիան պատմում է փոքրիկ Նիկոլայի արկածների մասին։ Ուսումնական տարին ավարտվում է և Փոքրիկ Նիկոլան ծնողների և տատիկի հետ մեկնում է ծով: Առանց ժամանակ կորցնելու Նիկոլան ձեռք է բերում նոր ընկերներ, յուրաքանչյուրն ընդգծված բնավորությամբ և սովորություններով։ Նիկոլայի ամենամտերիմ ընկերուհին դառնում է Էլիզաբեթը, նրանք միշտ միասին են։ Մեծահասակաները նույնիսկ կատակում են, երբ տեսնում են նրանց իրար հետ, ասելով, որ արդեն լսելի են հարսանեկան զանգերի ձայները։ Նիկոլան լսելով այդ ամենը սկսում է խուճապի մատնվել և ընկերները գալիս են նրան փրկելու։ Այստեղ սկսվում են իրական խնդիրները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում