Նվիրյալը․ Գրիգոր Զոհրապի հիշատակին

Նվիրյալը․ Գրիգոր Զոհրապի հիշատակին

1861 թվականի հունիսի 26-ին ծնվել է հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ Գրիգոր Զոհրապը։

Ապրել, աշխատել և ստեղծագործել է Արևմտյան Հայաստանում։ Իր կյանքն ու գործունեությունը նվիրաբերել է արևմտահայերի խնդիրների լուծմանը։

Զոհրապը ստացել էր փայլուն կրթություն։ Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։

Երեք անգամ ընտրվել էր Թուրքական մեջլիսի պատգամավոր ու վարում էր հասարակական  ակտիվ գործունեություն։

Հրաշալի տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր եվրոպացի առևտրականների շահերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Սակայն 1906 թվականին արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Զոհրապը վերադարձավ Փարիզից՝ լի հույսերով և լավատեսությամբ։

Զոհրապի մասնակցությունը վճռական էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագրի հարցում։ Այն պետք է դառնար արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքը։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։

Սկսեցին ձերբակալությունները։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։

Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա 1915 թվականի հուլիսին դաժանորեն սպանվեց Սատանի ձոր կոչվող վայրում՝  աքսորի ճանապարհին։

Նորավեպի իշխանը

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը հայ քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է և նովելի չգերազանցված վարպետը։ Նա կարողացավ 17 տարեկանում մուտք գործել գրական ասպարեզ և նշանավորել իր անունը։ Զոհրապը գրական կյանք եկավ իբրև նորարար՝ բերելով գրական-գեղագիտական նոր ըմբռնումներ, նոր գրելակերպ, գեղարվեստական ձևի նոր նվաճումներ։

Այս էր պատճառը, որ տաղանդավոր գրողին հետագայում անվանեցին «Նորավեպի իշխան»։

Զոհրապը դարձավ մարդակային ապրումների թարգմանը։ Փոքրիկ մարդիկ՝ մեծ հույզերով․ սրանք էին նրա հերոսները։ Նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության ակունքները, սուզվել աներևույթ թվացող երևույթների մեջ ու վերլուծել դրանք։

«Հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ, կը սիրեմ… հոգեկան հարցերով զբաղվիլ, հոգեկան խուլ պայքարներուն պատմագիրն ըլլալ»,- ասել է հանճարեղ գրողը:

«Պարզ, միշտ ավելի պարզ. հոն է հաջողությունը»․ գրելիս այս էր Զոհրապի նշանաբանը։ Նրա գրելաոճը համառոտ է, առանց երկարաբանության․ բառն ունի խոսքի արժեք։

Գրողը կարողանում էր մեկ արտահայտությամբ ընթերցողի համար տեսանելի դարձնել կյանքի ծալքերը՝ երբեմն մութ, խեղված, երբեմն էլ գեղեցիկ ու մաքուր։ Նա լուսաբանում էր կյանքի համեմատ վայրկյան թվացող երևույթները, որոնք բեկում էին մտցնում մարդկային հոգեբանության մեջ։

Ամենից հայտնի նովելներից են՝ «Այրին», «Այինկա», «Ճիտին պարտքը», «Զաբուղոն», «Ռեհան», «Երջանիկ մահը» և այլն։

Գրիգոր Զոհրապը իր ստեղծագործությունը դարձրեց հայելի ու այնտեղ արտացոլեց հասարակության բարքերը, մարդկային ապրումները, իրական կյանքը, այլ ոչ թե գրված կամ հորինված։

Անտարակույս, Գրիգոր Զոհրապը ֆենոմեն է, որի սահմանած սանդղակը մինչ այսօր անհասանելի է։

Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում